Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժուման մեկնարկից հետո ավելի քան 133 հազար մարդ լքել է սահմանամերձ շրջանները։
Այս մասին հայտարարել է մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը՝ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
Մարզի ղեկավարի ծոսքերով՝ ավելի քան 19 հազար մարդ դեռ մնում է սահմանամերձ շրջաններում։
«Օպերատիվ շտաբի որոշմամբ վերաբնակեցման ու տարհանման գոտու մեջ են ներառվել Կուրսկի մարզի 152 հազար 566 մարդ բնակչություն ունեցող ութ շրջան։ Այսօրվա դրությամբ մեկնել է 133 հազար 190 մարդ, մնացել է 19 հազար 376 մարդ»,-ասել է Սմիրնովը։
Իրենց տները լքած քաղաքացիների համար, ըստ Կուրսկի մարզի ղեկավարի, ստեղծվել է ավելի քան 500 ժամանակավոր ճամբար։ Դրանցում, նրա խոսքով, կա ավելի քան 12 հազար մարդ, այդ թվում՝ 3407 երեխա։ Սմիրնովը նաեւ նշել է, որ այդ ճամբարներից յուրաքանչյուրում «աշխատում է հոգեբան, եւ տրամադրվում է նաեւ անվճար իրավաբանական օգնություն»:
Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովն իր հերթին, ելույթ ունենալով Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Կուրսկի մարզի վտանգավոր տարածքներից վերաբնակեցված անձնաց թիվը հասնում է 115 հազար մարդու։
Թե ինչու է տարբերվում տները լքած բնակիչների թվի վերաբերյալ Սմիրնովի եւ Մանտուրովի ներկայացրած տվյալները պատճառը չի նշվում։
Բացի այդ, Մանտուրովն նաեւ ասել է, որ տարհանվածներին «Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով» տրվել է 15 հազար ռուբլի: