ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ելույթ է ունեցել Չիկագոյում Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի վերջին օրը։ Նա խոստացել է լինել բոլոր ամերիակացիների նախագահը, շարունակել աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում եւ միշտ պաշտպանել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։
Եույթը սկսելով Հնդկաստանից ու Ջամայկայից գաղթած իր ծնողների եւ ընտանիքի պատմությունից Հարիսը նշել է, որ իրեն մոտ են ու հասկանալի հասարակ ամերիկացիների հոգսերը։
«Ես խոստանում եմ լինել բոլոր ամերիկացիների նախագահը, խոստանում եմ երկրի շահերը վեր դասել կուսակցական շահերից»,-հայտարարել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։
Նա հաջորդիվ հիշեցրել է Սան Ֆրանցիսկոյի, ապա նաեւ Կալիֆորնիայի դատախազի պաշտոնում իր կատարած աշխատանքների մասին, երբ իրեն վստհվել էր պաշտպանել ուսանողների, աշխատողների եւ թոշակառուների շահերը խոշոր կորպորացիաների ճնշումներից: Շարունակելով ելույթը Հարիսը խոստացել է ստեղծել բոլոր ամերիկացիների համար հնարավորություն ստեղծող տնտեսություն։
Ելույթի ընթացքում Հարիսը հատուկ շեշտադրում է կատարել այն վտանգի վրա, որն ըստ իրեն ներկայացնում է, ԱՄՆ նախկին նախագահ եւ այժմ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։
«Շատ առումներով Թրամփը լուրջ մարդ չէ, սակայն Սպիտակ տանը Թրամփի հայտնվելու հետեւանքները չափազանց լուրջ կլինեն»,-զգուշացրել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն:
Խոսելով արտաքին քաղաքականության մասին Հարրիսը Թրամփին մեղադրել է Պուտինին Ուկրաինա ներխուժելուն համար «խրախուսելու» մեջ։
Նա հիշեցրել է, որ ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումից հինգ օր առաջ նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ նախազգուշացնելու նրան հարձակման ծրագրի մասին։ Իսկ պատերազմի սկսվելուց հետո նա օգնել է մոբիլիզացնել ավելի քան 50 երկրների ջանքերը՝ Ուկրաինային աջակցելու համար:
«Եվ որպես նախագահ, ես ամուր կկանգնեմ Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողքին», — ասել է Հարիսը իր ելույթում:
Նա անդրադարձել է նաեւ Իսրայելի աջակցության հարցին։ Հարրիսը հայտարարել է, որ Սպիտակ տան վարչակազմն «շուրջօրյա» աշխատանք է կատարում իսրայելցի պատանդներին ազատելու եւ Գազայի հատվածում հրադադար հաստատելու գործարքին մոտենալու համար: Նա նաեւ խոստացել է կանխել հոկտեմբերի 7-ի կրկնությունը։
«Ես միշտ պաշտպանելու եմ Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ Եվ ես միշտ երաշխավորելու եմ, որ Իսրայելը կարողանա պաշտպանել իրեն, քանի որ Իսրայելի ժողովուրդն այլեւս երբեք չպետք է բախվի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ կոչվող ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված սարսափներին, ներառյալ երաժշտական փառատոնի ժամանակ երիտասարդների անասելի բռնությանն ու ջարդին», — ասել է Հարիսն իր ելույթում։
Նա նաեւ նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում վերջին տասը ամիսների ընթացքում, «ավերիչ» է, իսկ փախստականների եւ սովի մատնված բնակչության տառապանքի մասշտաբները «ցավալի են»: Հաջորդիվ Հարիսը նորից ընդգծել է, որ աշխատում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հետ՝ այդ պատերազմին վերջ դնելու համար, ինչպես նաեւ հավելել, որ կձեռնարկի ցանկացած անհրաժեշտ քայլ՝ Միացյալ Նահանգների ուժերն ու շահերը Իրանից եւ Իրանի կողմից աջակցվող ահաբեկիչներից պաշտպանելու համար։