Ուկրաինայի ազգային դրոշի եւ Անկախության օրվա նախօրեին նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ առաջին տիկին Օլենա Զելենսկայան երկրի ականավոր մարդկանց պարգեւատրել են «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով։ Նրանց շարքում է նաեւ Սերգեյ Փարաջանովը։
«Սերգեյ Փարաջանովը ուկրաինահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ էր, ով ստեղծել է մոտ 20 գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր։ Նրա «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմն արժանացել է 39 միջազգային մրցանակի եւ 28 մրցանակի համաշխարհային կինոփառատոներում»,-ասվում է միջոցառման մանրամասները ներկայացնող Ուկրաինայի նախագահականի էջում։
«Սա հարգանք է։ Սա պատիվ է։ Սա արժանապատվություն է։ Ահա թե ինչպես է Ուկրաինայի պետությունը շնորհակալություն հայտնում իր ժողովրդին, իր հերոսներին, իր լեգենդներին։ Մեր մեջ գտնվողներին եւ նրանց, ում պետք է գնահատենք: Նրանց, ովքեր, ցավոք, այլեւս մեզ հետ չեն։ Մենք պետք է հիշենք բոլորին՝ մեզ ոգեշնչող լեգենդներին, աշխարհի կողմից ծափահարված լեգենդներին»,-ասել է Ուկրաինայի նախագահը՝ ելույթ ունենալով միջոցառման ժամանակ։
Մրցանակը շնորհվել է նաեւ նշանավոր կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ եւ Ուկրաինայի հերոս Իգոր Պոկլադին, դիզայներ Օլեգ Կորոստելիովին, սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն եւ Եվրոպայի ութակի չեմպիոն Օլգա Խարլանին, վիրաբույժ Վիտալի Խմելին, ով ռուսական ներխուժումից հետո կատարել է ավելի քան 100 բարդ վիրահատություն, Ուկրաինայի Անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության բրիգադային գեներալ Իվան Լուկաշեւիչին, բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն եւ ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Օլեքսանդր Ուսյուկին, Ուկրաինայի ժողովրդական արտիստ եւ Ուկրաինայի հերոս Նինա Մատվիենկոյին եւ այլոց։
Նշենք, որ 2024-ի հունվարի 9-ին լրացավ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։
«Ուկրաինայի ազգային լեգենդը» մրցանակը շնորհվում է այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել երկրի անկախության կայացման, պետության պաշտպանության եւ ազգային տնտեսության, ինչպես նաեւ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի զարգացման գործում։ Այն շնորհվում է 2021 թվականից։