Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով այսօր ժամանել է Կիեւ, Ռուսաստանին եւ Ուկրաինային կոչ է արել խաղաղության բանակցություններ սկսել։
«Հակամարտությունը լուծելու ուղի կարելի է գտնել միայն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Եվ մենք պետք է առանց ժամանակ կորցնելու շարժվենք այս ուղղությամբ։ Երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ ելք փնտրեն այս ճգնաժամից», — հայտարարել է Մոդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Մոդին նաեւ վստահեցրել է, որ Հնդկաստանը պատրաստակամ է ակտիվ դերակատարում ունենալ խաղաղության բանակցություններում։
«Ուզում եմ վստահեցնել, որ Հնդկաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ դեպի խաղաղություն շարժվելու ցանկացած փորձի մեջ։ Եվ եթե ես անձամբ կարողանամ որեւէ դեր խաղալ, ապա դա կանեմ, վստահեցնում եմ ձեզ որպես ընկեր»,- ասել է Հնդկաստանի վարչապետը։
Համատեղ ասուլիսի ժամանակ ե՛ւ Մոդին, ե՛ւ Զելենսկին պատմական են անվանել Հնդկաստանի վարչապետի այցը Կիեւ։
Հնդկաստանը լավ հարաբերություններ է պահպանում նաեւ Ռուսաստանի հետ։ Մոտ մեկուկես ամիս առաջ Մոդին ուղեւորվել էր Մոսկվա եւ այնտեղ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կրկին խաղաղության կոչ հնչեցրել։
«Պատերազմը լուծում չէ»,-ՌԴ նախագահի հետ հանդիպմանը ասել էր Մոդին։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների Վլադիմիր Զելենսկին լրագրողներին ասել է, որ վարչապետ Մոդիի հետ քննարկել է Հնդկաստանի մասնակցությունը երկրորդ «խաղաղության գագաթնաժողովին»։
Հնդկական պատվիրակությունը հունիսին Շվեյցարիայում մասնակցել էր առաջին միջազգային «խաղաղության գագաթնաժողովին», որի ընթացքում քննարկվել էր ուկրաինական «խաղաղության բանաձեւը»։ Սակայն հնդկական կողմը վերջնական կոմյունիկեն չէր ստորագրել եւ դա պաշտոնապես բացատրել Ռուսաստանին գագաթնաժողովին հրավիրված չլինելու փաստով։