«Ինքս էլ չգիտեմ՝ ինչպես ստացվեց, ինչու որոշեցի խաղալ։ Մի օր մտածեցի՝ ես էլ կարող եմ փորձել, գուցե բախտս բերի ու մեծ գումար շահեմ։ Եթե չստացվի, այլեւս չեմ խաղա։ Օնլայն խաղադրույք կատարեցի մի անգամ, երկու, երեք․․․․ ու հայտնվեցի ճահճում։ Ավելի քան կես տարի իմ վաստակած գումարն անընդհատ տանուլ եմ տվել, պարտքեր կուտակել։ Երբեմն նաեւ շահել եմ, բայց դա մարդուն այնպես է ոգեւորում, որ ավելի մեծ փողեր է դնում՝ մտածելով, որ կարող է ավելին ունենալ։ Այդպես դառնում են խաղամոլ»,- պատմում է 30-ամյա Անժելան (անունը փոխված է)։
Նա աշխատանք ու կայուն եկամուտ ունի։ Մինչեւ մոլախաղերով տարվելը ֆինանսական խնդիրներ չի ունեցել, միշտ կարողացել է վաստակած գումարը խնայել, իր համար անհրաժեշտ պարագաներ գնել։ Խաղամոլ դառալուց հետո, սակայն, սկսել է հարազատներից պարտքով փող խնդրել, քանի որ աշխատավարձն արդեն չէր հերիքում։ Կես տարի մոլախաղերի ճահճում լինելուց հետո Անժելան որոշել է դիմել մասնագետի։
Անշուշտ, բոլորից թաքցնում էր, որ խաղում է։ Գուցե, ոմանք կռահել են, որովհետեւ նրա վաստակած գումարը քիչ չէ, բայց վերջին ամիսներին նույնիսկ հագուստ եւ կոշիկ չէր կարողանում գնել։ Ընկերուհիների հետ ռեստորան կամ սրճարաններ չէր գնում։
«Ես հասկանում էի, որ դա մոլուցք է, կործանում է ինձ, բայց չէի կարողանում կանգ առնել։ Ընկերուհիներիցս մեկին պատմեցի իմ խնդրի մասին։ Նա խորհուրդ տվեց հոգեբույժի և հոգեբանի դիմել։ Արդեն երկու ամիս է, չեմ խաղում։ Մասնագետներն օգնեցին, որ վերագտնեմ ինձ, սկսեմ առաջվա պես ինքս ինձ հարգել»,- պատմում է Անժելան։
Մեծ ճիգեր են պահանջվել կրկին չխաղալու համար։ Բուժումը սկսելու առաջին տասնօրյակում շատ դժվար է եղել խաղադրույք կատարելու գայթակղությանը դիմանալը, բայց կարողացել է։ Երբեմն ամենածանր պահերին զանգահարել է հոգեբանին, զրուցել նրա հետ։ Ի վերջո Անժելան աստիճանաբար կարողացել է հաղթահարել հիվանդությունը։
«Պիտի կարողանաս ինքդ քեզ հարգել։ Պիտի քո կամքի ուժն այդ մոլուցքից զորեղ լինի։ Հարկավոր է հասկանալ, որ դա կործանարար է, ուստի անհրաժեշտ է արագ դիմել մասնագետի օգնությանը։ Որքան շուտ դիմես, այդքան լավ։ Իմ փորձը վկա․ իսկապես, հնարավոր է բուժել այդ հիվանդությունը»,- ասում է Անժելան՝ հույս ունենալով, որ իր պատմությունը կարդացող խաղամոլներին կօգնի հավատալ իրենց ուժերին ու ելնել այդ ճահճից։
Խաղամոլությունը հիվանդություն է, որն անհրաժեշտ է եւ հնարավոր է բուժել
Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկության՝ 2023 թվականի հոկտեմբերից մինչեւ 2024 թվականի օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում բուժում է ստացել 36 անձ։ Այժմ արտահիվանդանոցային բուժում է ստանում երկու քաղաքացի։
Խաղամոլությունը՝ ազարտային խաղերի նկատմամբ հիվանդագին հակումը, հոգեբուժական բնույթի քրոնիկ հիվանդություն է։ Այսինքն՝ այդպիսի առողջական խնդիր ունեցողները հոգեբույժի օգնության կարիք ունեն։ Դեղորայքային բուժումն իրականացվում է մասնագետի ցուցմամբ։ Անհրաժեշտության դեպքում բուժմանը զուգահեռ՝ պացիենտի հետ աշխատում է հոգեթորապեւտ կամ հոգեբան։ Խաղամոլություն կարող է ձեւավորվել ցանկացած անձի մեջ՝ անկախ սեռից եւ տարիքից։ Կախվածությունների բուժման դեպքում, առհասարակ, բուժման ժամկետ հնարավոր չէ նշել։
Հոգեբան Արփինե Դավթյանն ասում է՝ ցանկացած կախվածություն կամ մոլուցք մարդուն տանում է դեպի կործանում։
Ազարտային խաղերով տարված մարդը չի կարողանում վերահսկել իրեն, ավելին՝ հենց մոլուցքն է վերահսկում նրան։ Այդ սովորությունն աննկատելիորեն արմատավորվում է անձի մեջ։ Մարդիկ սկսում են խաղալ ձանձրույթի, միայնության պահերին, ֆիզիկական ցավ եւ նման այլ տհաճ զգացողություններ ուենալիս։
«Խաղամոլը վատնում է փողերը, ժամանակն, էներգիան: Նման իրավիճակում հայտնվելով՝ մարդը սկսում է ատել ինքն իրեն, կորցնում է իր ձեռքբերումները, ընտանիքում խնդիրներ է ունենում։ Հարկավոր է գիտակցել, որ խաղամոլությունը ֆիզիկական եւ հոգեկան առողջության քայքայման սպառնալիք է»,- բացատրում է Արփինե Դավթյանը։
Գոյություն ունի կախվածության երկու ձեւ՝ քիմիական (առաջանում է ալկոհոլի, սուրճի, թեյի, ծխախոտի, հակադեպրեսանտների, թմրամիջոցների չարաշահման հետեւանքով) եւ հուզական կախվածություն (աշխատամոլություն, չափազանց տարվածություն սպորտով, ինքնախոշտանգումներ, խաղեր, ռիսկի դիմելու ձգտում, սեռական անկայունություն, անդադար հեռուստացույց նայելու ձգտում եւ այլն): Կախվածության առաջացման օրինաչափությունները նույնն են, թեեւ առաջին հայացքից հարբեցողի, սեռական կախվածություն ունեցողի եւ ազարտային խաղեր խաղացողի միջեւ քիչ ընդհանրություններ կան:
Կախվածություն ունեցողներն անլիարժեքության թաքնված կամ նկատելի բարդույթներ ունեն։ Նրանցից շատերն արտաքուստ մարդամոտ են, սակայն միաժամանակ կայուն, հուզական շփումներից վախենում են, հաճախ են ստում, տագնապոտ են։
Նրանք իրենց խնդիրների առաջացման հարցում այլոց մեղադրելու հակում ունեն` իմանալով, որ դիմացինն անմեղ է: Կախվածություն ունեցողները խուսափում են որոշումներ ընդունելու պատասխանատվությունից:
Հոգեբանը մանրամասնում է՝ նման խնդրների առնչվող անձանց ընտանիքի անդամները պետք է հասկանան՝ մարդն օգնության կարիք ունի։ Կախվածություն ունեցողը պետք է հնարավորինս արագ համապատասխան մասնագետներին դիմի, քանի որ այդ հիվանդությունն ունի աստիճաններ։ Որքան այն խորանա, այնքան ավելի դժվար է լինելու հաղթահարելը։ Սովորաբար, մոլուցքներ ունեցողներն ինքնակամ չեն դիմում հոգեբույժի կամ հոգեբանի: Հետեւաբար, նման դեպքերում մեծ դեր ունի ընտանիքի անդամների, հարազատների միջամտությունը։ Կախվածություն ունեցողին պետք է վերաբերվել մտերմորեն, ջերմորեն, ոչ թե քննադատել եւ անդադար պախարակել։
Հարազատները պետք է փորձեն հասկանալ, թե ինչու եւ ինչպես է այդ անձը հայտնվել ճահճում։ Հարկավոր է խոսել նրա հետ, ցույց տալ, թե ինչ կործանարար վիճակի կարող է հանգեցնել նրա վարքը՝ նախ՝ հենց իր, ապա՝ ընտանիքի անդամների համար: Պետք է մատնանշել, թե ինչ ձեռքբերումներ ունի այդ մարդը, որոնք պետք է փայփայել, ոչ թե կործանել կախվածության պատճառով։
«Ձեր հարազատին օրինակներ ներկայացրե՛ք, հիշեցրե՛ք, թե մոլուցքներ ունեցող որոշ մարդիկ ինչպիսին էին նախկինում եւ ինչ վիճակի հասան այդ կործանարար սովորության պատճառով։ Փորձե՛ք հուսադրել նրան, հավատացնել, որ կախվածությունից հնարավոր է ձերբազատվել, պարզապես պետք է ջանք գործադրել»,- հորդորում է հոգեբանը։
Այսուհանդերձ, նա դարձյալ հիշեցնում է․ անպայման պետք է դիմել մասնագետի, որպեսզի հիվանդությունն արմատապես բուժվի։
Զրույցի վերջում հոգեբանը հենց իր մասնագիտական փորձի վրա հիմնվելով՝ հիշեցնում է՝ կախվածություններն, իսկապես հնարավոր է հաղթահարել, եթե անձն ունի կամքի ուժ եւ այդ մուլուցքը հաղթահարելու ցանկություն։ Բուժվելուց հետո նա ասես կրկին սկսում է շնչել, սիրել ու գնահատել ինքն իրեն։
«Գնահատե՛ք Ձեր կյանքը, ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը։ Հավատացե՛ք՝ սրանք շատ ավելի կարեւոր են, քան կարճատեւ հաճույքը, որը Ձեզ թակարդն է գցելու եւ տանելու է դեպի կործանում։ Շատերն են կարողացել հաղթահարել կախվածությունը։ Հավատացե՛ք ինքներդ Ձեզ, Դուք եւս կարող եք դա անել»,- եզրափակում է հոգեբանը։
Հաջորդիվ նոր հրապարակմամբ կներկայացնենք, թե մեր երկրում քանի խաղատուն կա, ինչ ահռելի չափերի են հասնում օնլայն խաղադրույքների ծավալները, որքան հարկ են վճարում պետությանը բուքմեյքերական ընկերությունները, եւ ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։