Եվրամիության ազդեցությունը Աֆրիկյան մայրցամաքում, հատկապես Հյուսիսային Աֆրիկայում, նկատելիորեն թուլանում է, նրա տեղը զբաղեցնում են Ռուսաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։
«Մեզ պետք է անհանգստացնի, Աֆրիկայում կատարվողը։ Երբ ես նոր էի ժամանել Բրյուսել, այդ ժամանակ Լիբիայում կային ֆրանսիացիներ եւ իտալացիներ։ Նրանք միշտ չէ, որ միմյան ցհետ հաշտության մեջ էին, բայց նարնք այնտեղ ներկա էին։ Այսօր Լիբիայում ոչ մի եվրոպացի չի մնացել՝ կան միայն թուրքեր եւ ռուսներ»,- Նրա խոսքերը մեջբերում է EUobserver պորտալը։ Բորելը քննադատել է Աֆրիկայում ԵՄ ազդեցության անկումը եւ նշել, որ Միջերկրական ծովի աֆրիկյան ափին այլեւս չկա «այն կարգը», որը փորձել են հաստատել եվրոպացիները:
Պորտալը նշում է, որ Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Սաուդյան Արաբիան, ինչպես նաեւ Ռուսաստանը Հյուսիսային Աֆրիկայի եւ մայրցամաքի այլ երկրների հետ «ինտենսիվացրել են աշխատանքը» տնտեսական եւ քաղաքական ոլորտներում։ Եվրամիությունը փորձում է հակազդել նրանց ազդեցությանը։
EUobserver-ը հիշեցրել է, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել էր ստեղծել Միջերկրական ծովի եվրահանձնակատարի պաշտոն՝ դրանով իսկ նշելով հյուսիսաֆրիկյան երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման առաջնահերթությունը։