Միացյալ Նահանգները պատրաստվում է «Թբիլիսյան մայդան» կազմակերպել՝ կանխելու «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը հոկտեմբերի ընտրություններում։ Այս մասին հայտարարում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը՝ որի հաղորդագրության տեքստը ներկայացնում են TACC-ն ու «РИА Новости»-ն։
Դրանում նշվում է, որ Սպիտակ տունը «չափազանց դժգոհ է Վրաստանում իրավիճակի զարգացումներից»՝ երկրում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։
«Ամերիկացիները Վրաստանում գունավոր հեղափոխություն են պատրաստում։ «Թբիլիսյան մայդանում» նախատեսվում է քվեարկության ժամանակ հրապարակել «կեղծիքի ապացույցներ», հայտարարել ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին եւ պահանջել իշխանափոխություն։ Իրավապահ մարմիններին կհրահրեն բռնի ուժով ճնշել բողոքի ցույցերը։ Միեւնույն ժամանակ, ամերիկացիները նախնական տարբերակներ են մշակում «քաղաքացիների» նկատմամբ իշխանությունների կողմից ուժի «չափից դուրս» կիրառման դեմ «անզիջում» քաղաքական եւ տնտեսական պատասխանի համար»,-ասվում է հետախուզական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Մամուլի բյուրոն նշել է, որ գունավոր հեղափոխությանը նախապատրաստվելու ընթացքում «վրացական արեւմտամետ» հասարակական կազմակերպությունները հավաքագրում են մեծ թվով ակտիվիստների՝ քվեարկության գործընթացը ուշադիր հետեւելու համար:
«Նրանց հանձնարարված է բացահայտել եւ արձանագրել իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործման «անխուսափելի փաստերը», նույնիսկ դրանց բացակայության դեպքում: Վաշինգտոնը լրացուցիչ միջոցներ է հատկացնում տեղական ընդդիմադիր երիտասարդական ասոցիացիաներին, որոնք պետք է դառնան հետընտրական բողոքի ցույցերի «լոկոմոտիվը»,-ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրության մեջ։ Դրանում նաեւ ավելացվում է, որ «Վաշինգտոնի կողմից վերահսկվող վրացական ընդդիմադիր ուժերը, չնայած ամերիկացիների ջանքերին, մնում են մասնատված, իսկ նրանց ստեղծած կոալիցիաները շատ փխրուն են»։
Գերատեսչությունը հաջորդիվ նշում է, որ ընդդիմության նման պառակտվածության ֆոնին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կկարողանա է ձեռք բերել բնակչության համոզիչ վստահություն։
Նախկինում իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտարարել էին, որ ԱՄՆ-ից ֆինանսավորում ստացող վրացական հասարակական կազմակերպությունները երկու անգամ փորձել են երկրում հեղափոխություն կազմակերպել։
Վաշինգտոնը հերքել է Թբիլիսիի մեղադրանքները։