Ըստ Թուրքիայում գործող Baran Tursun հիմնադրամի զեկույցի՝ ոստիկաններին «մարդկանց սպանելու արտոնություն տված» երկրների շարքում Թուրքիան առաջատարներից է։ Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի ոստիկանությունը վերջին 13 տարում սպանել է 404 անմեղ քաղաքացու։ Սպանվածներից 70-ը կին է եղել, 92-ը՝ երեխա։
Զեկույցը չի ներառում երկրում տեղի ունեցած զինված բախումները, այլ վերաբերում է միայն խաղաղ պայմաններում ոստիկանության ոչ համաչափ ուժի կիրառման հետեւանքով քաղաքացիների սպանության դեպքերին։
Սպանությունների առթիվ հարուցված դատական գործերի հետաքննության ընթացքում մեղադրյալ ոստիկանները, իբրեւ կանոն, պնդում են, թե իրենց մասնագիտական պարտքն են կատարել։
Իրավապաշտպանները նրանց հիշեցրել են, որ ոստիկանի հրահանգներին չենթարկվող քաղաքացու վրա կրակելը ոստիկանի առաջին գործողությունը չպետք է լինի․ կրակել պետք է միայն ծայրահեղ դեպքում։
Զեկույցում ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ ոստիկանների՝ իրավասությունների չարաշահմամբ գործած հանցանքները հետաքննողներն էլ ոստիկաններն են։ Իսկ այդ հանգամանքը էապես նվազեցնում է նման դեպքերն օբյեկտիվ հետաքննելու հավանականությունը։
Զեկույցում բերվել են բազմաթիվ օրինակներ, երբ անմեղ քաղաքացուն առանց պատճառի սպանելուց հետո ոստիկանները դեպքը բեմադրել են իբրեւ ինքնասպանություն կամ սպանվածի կողքին զենք, թմրանյութ եւ այլ իրեր են դրել՝ այդպիսով կեղծելով փաստերը եւ կոծկելով սեփական հանցանքը։