Կուրսկի ատոմակայանի վրա արտաքին ազդեցության դեպքում միջուկային միջադեպի վտանգ կա՝ ռադիացիայի հնարավոր արտանետմամբ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ով այսօր այցելել էր Կուրչատովում գտնվող ատոմակայան։
Նրա խոսքով, դժվար է ասել, թե արդյոք դա կլինի նույն մասշտաբով, ինչ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած միջադեպն էր։
«Չեռնոբիլի եւ Կուրսկի ատոմակայաններն ուղղակիորեն համեմատելն ամբողջությամբ ճիշտ չէ։ Կարելի է ասել, որ Կուրսկի ատոմակայանի տարածքում գործում է նույն տիպի ռեակտոր, որը հատուկ պաշտպանություն չունի։ Եվ, իրոք, հարվածի դեպքում, այս ռեակտորի միջուկի վրա ինչ-որ արտաքին ազդեցության դեպքում, միջուկային միջադեպ տեղի կունենա, հնարավոր է, ճառագայթման արտանետմամբ»,-ասել է ԱԷՄԳ տնօրենը։
Նա նաեւ հավելել է, որ միակ բանը, որ այժմ կարելի է ասել, այն է, որ ռեակտորը չունի հատուկ կառուցվածքային պաշտպանություն, որով հագեցած են այլ ատոմակայանների մյուս ռեակտորները։ Գրոսսին պարզաբանել է, որ խոսքը գմբեթային կառույցի մասին է, որն «իր ժամանակակից դիզայնի հաշվին կարող է դիմակայել նույնիսկ ինքնաթիռի հարվածին»։
«Կուրսկի ատոմակայանի ռեակտորային դահլիճը սովորական շենքի տեսք ունի եւ կառուցվել է սովորական շինարարական տեխնոլոգիաների կիրառմամբ»,- հավելել է Գրոսսին։
Կուրչատով քաղաքի քաղաքապետը, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը, ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքում օրական մի քանի անգամ հրթիռային սպառնալիք է հայտարարվում, իշխանությունները ուժեղացնում են անվտանգության միջոցները, իսկ դպրոցականները ուսումնական տարին սկսելու են հեռակա կարգով։