Ուկրաինան ստեղծել եւ փորձարկել է իր առաջին բալիստիկ հրթիռը, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Պետական կառույցների ղեկավարների ֆորումի ժամանակ։
«Դե, ես կարծում էի, որ դեռ վաղ է դրա մասին խոսելը, բայց… եղել է առաջին դրական ուկրաինական բալիստիկ հրթիռի փորձարկումը։ Շնորհավորում եմ մեր ռազմարդյունաբերական համալիրին այս կապակցությամբ»,-Զելենսկու խոսքերը մեջբերում է «Украинская правда»-ն։
Զելենսկին լրացուցիչ մանրամասներ չի հայտնել՝ ասելով, որ որոշել է հաղորդել այդ մասին, որպեսզի հասարակությունը գնահատի այն մարդկանց, ովքեր 24/7 ռեժիմով աշխատում են պաշտպանական ձեռնարկություններում։
Ուկրաինայի նախագահը նաեւ հայտարարել է, որ Կիեւը Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ծրագիր ունի, որը նա կփոխանցի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող դեմոկրատ եւ հանրապետական կուսակցությունների թեկնածուներ Քամալա Հարիսին եւ Դոնալդ Թրամփին։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզում այս ծրագրի կետերից մեկն է։
«Ծրագրի ուղղություններից մեկը Կուրսկի մարզն էր, որի մի մասն արդեն ավարվել է։ Երկրորդ ուղղությունը Ուկրաինայի ռազմավարական տեղն է աշխարհի անվտանգության ենթակառուցվածքի մեջ։ Երրորդ ուղղությունը՝ պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտելուն ուղղված Ռուսաստանին հարկադրելու հզոր փաթեթն է։ Չորրորդը տնտեսական է, ես դրա մասին մանրամասն չեմ խոսի»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, «արդար» կլինի, եթե ծրագիրը նախ ներկայացվի ԱՄՆ նախագահին, քանի որ դրա հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք Սպիտակ տունը կտա Ուկրաինային այն, ինչ նշված է այս ծրագրում։
Ուկրաինայի նախագահը խոստացել է ծրագիրը մանրամասնորեն ներկայացնել սեպտեմբերին, երբ հանդիպում ունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։