Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը կոչ է արել Գազայի հատվածում անհապաղ եռօրյա հրադադար հաստատել՝ երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու համար։
«Պոլիոմիելիտի արագ տարածումը սպառնում է Գազայի երեխաներին, որոնք արդեն թուլացել են տեղահանության, թերսնման եւ բոլոր տեսակի զրկանքների պատճառով: Կոչ եմ անում Գազայի հատվածում անհապաղ եռօրյա հրադադար հաստատել՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվաստումները թույլ տալու համար, որը կլինի անկախ ավելի լայն բանակցություններից»,-գրել է Բորելը X-ի էջում։
Օգոստոսի 16-ին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գրանցվել է պոլիոմիելիտի առաջին հաստատված դեպքը10 ամսական երեխայի մոտ։ Դրանից ժամեր առաջ էլ ԱՀԿ-ն եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համատեղ հայտարարությամբ հայտարարել էին Գազայում պոլիոմիելիտի դեմ պատվաստման երկփուլ արշավի մեկնարկի մասին, որը տեղի կունենա օգոստոսի վերջին եւ սեպտեմբերին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը օգոստոսի 27-ին հայտարարել էր, որ ՄԱԿ-ը պատրաստվում է Գազայի հատվածում 11 բժշկական կենտրոն գործարկել, որոնցում պատվաստումներ կիրականացվեն։ Նրա հաշվարկներով՝ պատվաստանյութը կստանա մինչեւ 10 տարեկան ավելի քան 640 հազար երեխա։