Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի ներկայացուցիչները կրկին հանդիպել են Դոհայում՝ Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու պատանդների ազատ արձակմանն ուղղված բանակցությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին։
Նրա խոսքով՝ բանակցողները խորհրդակցություններ են անցկացրել «տեխնիկական եւ աշխատանքային մակարդակով»։ Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-16-ը Դոհայում միջնորդների նախաձեռնությամբ բանակցություններ անցկացվեցին Գազայի հատվածում հրադադարի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառված անձանց ազատ արձակման շուրջ։ Խորհրդակցություններին հաջորդած Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ դրանք անցել են դրական մթնոլորտում։ Բանակցությունների նոր փուլի ընթացքում ԱՄՆ-ն Կատարի եւ Եգիպտոսի աջակցությամբ ներկայացրել էր նոր առաջարկ, որը կարող է նվազեցնել ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ տարաձայնությունները։ Սակայն ՀԱՄԱՍ-ը ի պատասխան հայտարարել է, որ ամերիկյան նախաձեռնությունը հաշվի է առնում միայն Իսրայելի շահերը։
Օգոստոսի 25-ին Եգիպտոսի մայրաքաղաքում մեկնարկել էր խորհրդակցությունների հաջորդ փուլը։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Իզզաթ ալ-Ռիշքը հայտնել է, որ շարժման պատվիրակությունը հեռացել է Կահիրեից Եգիպտոսի եւ Կատարի միջնորդների հետ հանդիպումներից հետո: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները կրկին պահանջել են ճնշումներ գործադրել Իսրայելին վրա, որպեսզի վերջինս կատարի այն պայմանները, որոնց շարժումը համաձայնել է հուլիսի 2-ին։