«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է քսան միլիոն դրամով։ Այս մասին հայտարարում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Հայտարարության տեքստում նշվում է, որ հանձնաժողովը քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ՝ «ՀԷՑ» -ի կողմից էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված՝ հավաստի եւ սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։
Նշվում է, որ վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի եւ ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից եւս ընդունվել է։
«Հաշվի առնելով, որ նշված խախտումը խոչընդոտել է նաեւ Հանձնաժողովի կարգավորման գործառույթի, այն է՝ քաղաքացիների դիմումների բազմակողմանի եւ լրիվ քննարկման լիազորության պատշաճ իրականացմանը՝ Հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառեց տուգանք՝ քսան միլիոն դրամ գումարի չափով»,-ասվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարության տեքստում։