Բուրկինա Ֆասոյում հարյուրավոր մարդիկ են զոհվել ջիհադիստների հարձակումների հետեւանքով, հայտնում են Reuters-ը եւ RFI ռադիոկայանը՝ վկայակոչելով աղբյուրներին եւ ականատեսներին:
Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին Բուրկինա Ֆասոյի կենտրոնական մասում գտնվող Բարսալոգու բնակավայրում։ Reuters-ի տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցում է 500-ը։
Մալիից ու Բուրկինա Ֆասոից «Ալ-Կաիդայի» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված խմբավորումների մոտ 10 տարի առաջ ներխուժելուց հետո սա «ամենամահաբեր հարձակումներից մեկն է», նշում է գործակալությունը:
RFI-ն, վկայակոչելով Բուրկինա Ֆասոյի անվտանգության աղբյուրներին, հայտնում է, որ ահաբեկիչները կրակ են բացել այն մարդկանց վրա, ովքեր խրամատներ էին փորում՝ քաղաքը զինյալների հարձակումներից պաշտպանելու համար։ Զոհվածների թվում կան քաղաքացիական անձինք եւ զինվորականներ։ Ռադիոկայանի տվյալներով՝ օգոստոսի 24-ի դրությամբ զոհվել է 100-ից 200 մարդ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Բուրկինա Ֆասոյում իշխանությունը զավթած ռազմական խունտան օգոստոսի 24-ին Բարսալոգուի բնակիչներին ստիպել է խրամատներ փորել քաղաքի շրջակայքում՝ ջիհադիստների հարձակումները հետ մղելու համար։ Հարձակման պահին այն հատվածներում, որտեղ խրամատներ էին փորվում, հարյուրավոր մարդիկ են եղել։ «Դա իսկական ջարդ էր»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նաեւ նշել է, որ զինված անձինք կրակել են կանանց վրա, ովքեր մոտակայքում վառելափայտ էին հավաքում:
Բարսալոգոյի բնակիչների հարազատները պնդում են, որ զոհվել է առնվազն 400 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Նրանք ռազմական խունտային մեղադրել են բնակիչներին հարակդրաբար խրամատների փորմանը ներգրավելու եւ դրանից հրաժարվողներին ծեծի ենթարկելու մեջ։
Ջահիդիստական ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման անմիջական պատասխանատվությունը: Միեւնույն ժամանակ, օգոստոսի 24-ին «Ջամաաթ Նուսրաթ ալ-Իսլամ վա ալ-Մուսլիմին» խմբավորումը, որը կապված է «Ալ-Կաիդայի» հետ, հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ վերահսկողության տակ է վերցրել Բարսալոգայում գտնվող բանակի շտաբը:
Ջիհադիստները Բուրկինա Ֆասոյում առավել ակտիվ սկսել են գործել 2015 թվականից։ 2022 թվականին երկիրում երկու պետական հեղաշրջում է կատարվել, որի արդյունքում Բուրկինա Ֆասոն այժմ ղեկավարում է խունտան՝ կապիտան Իբրահիմ Տրաորեի գլխավորությամբ։
2024 թվականի մարտին Բուրկինա Ֆասոյում, Նիգերում եւ Մալիում իշխանությունը բռնազավթած բանակների ղեկավարները համաձայնություն էին ձեռք բերել ջիհադիստների դեմ համատեղ պայքարելու շուրջ, որոնց հարձակումները կարեւոր դեր էին խաղացել ռազմական հեղաշրջումների մեջ եւ հանգեցրել ռեժիմի փոփոխության այդ երկրներում:
BBC News-ը գրում է, որ վերջին ամիսներին Նիգերի, Մալիի եւ Բուրկինա Ֆասոյի ռազմական վարչակարգերը «ավելի սերտ դաշնակիցներ են դարձել»։ 2023 թվականի սեպտեմբերին նրանք կնքեցին փոխադարձ պաշտպանական պայմանագիր, որը կոչվում էր Սահելի պետությունների դաշինք: Երեք երկրներն էլ խզել են հարաբերությունները Ֆրանսիայի հետ, որը տարիներ շարունակ մեծ ռազմական ներկայություն է ունեցել տարածաշրջանում, եւ «սկսել են ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ»։