ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) փոխտնօրեն Դեյվիդ Քոհենը ելույթ է ունեցել Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում կայացած Ազգային անվտանգության եւ հետախուզության գագաթնաժողովում եւ, ի թիվս այլ հարցերի, մի քանի գնահատականներ է տվել Ռուսաստանի Կուրսկի մարզում ուկրաինական բանակի գործողությունների շուրջ։
Reuters-ի եւ «Voice of America»-ի լրագրողների փոխանցմամբ Քոհենը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը մտադիր են որոշակի ժամանակ պահել իրենց վերահսկողության տակ անցած ռուսական տարածքները, քանի որ այնտեղ պաշտպանական հենակետեր են կառուցում։
ԿՀՎ տնօրենը նշել է, որ Կիեւը չի նախատեսում անեքսիայի ենթարկել այդ տարածքները, սակայն Ռուսաստանի համար հեշտ չի լինի դրանք հետ գրավելը։ Նրա խոսքերով այս գործողության նշանակությունը առավել պարզ կդառնա ապագայում։
Ըստ Քոհենի նման զարգացումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարկադրում են կենտրոնանալ հասարակության ներսում Կուրսկի մարզի իրադարձությունների հնչեղության հետեւանքների վրա։
Անդրադառնալով Դոնբասի Պոկրովսկ բնակավայրի ուղղությամբ ռուսական բանակի շարունակվող հարձակմանը Քոհենը նշել է, որ «ռազմավարական իմաստով խաղը չի փոխվել»: