ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ եւ Արտաքին կապերի վարչության տնօրեն Վան Յիի հետ։
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ «Կողմերն անկեղծ, բովանդակալից եւ կառուցողական քննարկումներ են անցկացրել մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ հարցերի շուրջ»։
Չինական կողմն էլ հայտնել է, որ Վան Յին Սալիվանի հետ «անկեղծ, առարկայական եւ կառուցողական չին-ամերիկյան ռազմավարական բանակցություններ է վարել»։
Սպիտակ տան հայտարարության տեքստից նաեւ հստակ է դառնում, որ ամերիկյան կողմը բանակցությունների ընթացքում Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին է ներկայացրել տարածաշրջանային հարցերի շուրջ Վաշինգտոնի դժգոհությունները։
«Սալիվանն ընդգծել է Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւորությունը։ Նա ընդգծել է Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական բազայի նկատմամբ ՉԺՀ-ի աջակցության եւ եվրոպական եւ անդրատլանտյան անվտանգության վրա դրա ազդեցության վերաբերյալ մտահոգությունները: Պարոն Սալիվանը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը պաշտպանելու իր Հնդխաղաղօվկիանոսյան դաշնակիցներին եւ մտահոգություն հայտնեց ՉԺՀ-ի ապակայունացնող գործողությունների առնչությամբ Հարավչինական ծովում Ֆիլիպինների օրինական ծովային գործողությունների դեմ: Երկու կողմերը քննարկել են նաեւ Կորեայի Ժողվրդական Դեմոկրատական Հանրապետության, Բիրմայի եւ Մերձավոր Արեւելքի վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները»,-ասվում է հայտարարության տեքստում։
ՉԺՀ ԱԳՆ փոխանցմամբ էլ Վան Յին հայտարարել է, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները լի են շրջադարձերով, եւ երկու կողմերը պետք է վերանայեն փորձառությունները եւ դասերը, որպեսզի գտնեն երկու մեծ տերությունների գոյակցման ճիշտ ճանապարհը:
«Կողմերը պետք է պահպանեն փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության եւ շահեկան համագործակցության սկզբունքները, իրականացնեն երկու պետությունների ղեկավարների կոնսենսուսը եւ նպաստեն Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայուն, առողջ եւ ճկուն զարգացմանը»,-ասել է ՉԺՀ ԱԳՆ ղեկավարը։
Նա նաեւ հանդիպմանը նշել է, որ Թայվանը պատկանում է Չինաստանին, եւ Պեկինն անպայման կհասնի կողզու վերամիավորմանը։
«Թայվանի անկախությունը ամենամեծ վտանգն է Թայվանի նեղուցներում խաղաղության եւ կայունության համար։ ԱՄՆ-ն պետք է գործնականում իրականացնի «Թայվանի անկախությանը» չաջակցելու իր խոստումը, պահպանի մեկ Չինաստան սկզբունքը, դադարեցնի զինել Թայվանին եւ աջակցի Չինաստանի խաղաղ վերամիավորմանը»,-ասել է Վան Յին։
Բացի այս կողմերը պայմանավորվել են շարունակել 2023 թվականի նոյեմբերին Սան Ֆրանցիսկոում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինիի հանդիպման ժամանակ ձեռք բերված կարեւոր կոնսենսուսի կյանքի կոչումը, պահպանել բարձր մակարդակով հաղորդակցությունը, շարունակել համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում, օրենքի կիրարկման, անօրինական միգրանտների հայրենադարձության եւ կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացման շուրջ։
Նախօրեին նաեւ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են մոտ ապագայում նախագահ Բայդենի եւ Չինաստանի առաջնորդ Ցզինպինիի միջեւ նոր բանակցությունների հնարավորությունները։