Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ հաստատված 8 պատվաստանյութ կա, եւ հիմա կարեւոր է դրանք արագ հասցնել պատվաստման կարիք ունեցող մարդկանց։
«Ուրախությամբ հայտնում եմ, որ «Սինովակ»-ի կորոնավիրուսային պատավաստանյութը ներառվել է ԱՀԿ-ի՝ Քովիդ-19-ի դեմ արտակարգ օգտագործման ցանկում դրա ապահովությունը, արդյունավետությունն ու որակյալությունը հաստատվելուց հետո»,- Ժնեւում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հեբրեյեսուսը։
«Սինովակ»-ը չինական առաջին պատվաստանյութն է կորոնավիրուսի դեմ, որի օգտագործումը թույլատրվել է 32 երկրում, բնակչությանն արդեն հատկացվել է պատվաստանյութի 260 միլիոն չափաբաժին։
ԱՀԿ-ի՝ անվտանգության եւ արդյունավետության վկայագիր ստացած մյուս պատվաստանյութերն են ամերիկյան Pfizer եւ գերմանական BioNTech ընկերությունների համատեղ մշակած Comirnaty-ն, ամերիկյան Johnson & Johnson-ի մաս կազմող Janssen-ի արտադրանքը, ամերիկյան Moderna-ն, բրիտանա-շվեդական AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի համատեղ մշակած երկու պատվաստանյութերը, չինական Sinopharm-ը:
ԱՀԿ-ի գնահատման փուլում է նաեւ ռուսական Sputnik V-ն, որի անվտանգության վերաբերյալ գնահատականը կազմակերպությունը կտա ամռան ընթացքում: