Այսօր ստորագրված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը փաստաթղթի վավերացման ընթացակարգի շրջանակներում ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար: ՍԴ դրական դիրքորոշման առկայության դեպքում այն արդեն կներկայացվի ԱԺ վավերացմանը:
Այս մասին «Արմենպրեսին» հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պատասխանելով հարցին, թե որտեղ է ստորագրվել փաստաթուղթը վարչապետի աշխատակազմից նշել են, որ «Կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով»։
Կառավարությունից նաեւ նշել են, որ փաստաթուղթի բովանդակությունը սահմանված կարգով հրապարակային կդառնա առաջիկա երկուշաբթի, ներպետական համաձայնեցման ընթացակարգերի իրականացման շրջանակներում։
«Կանոնակարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, եւ այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար»,-մեջբերում է «Արմենպրեսը» ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը։