Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը շահագրգրռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատումով եւ վերազինում է իր բանակը։
«Կարծես թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրով եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելով։ Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից, արեւմտյան այլ երկրներից եւ այլ կողմերից, ինչպես նաեւ իր տարածքում երրորդ կողմերի հետ զորավարժություններ է անցկացնում»,-ասել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը իր խոսքում կրկին անգամ կրկնել է, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները եւ փոփոխություններ կատարվեն դրանում։
Ալիեւը նաեւ դժգոհություն է հայտնել, որ դեռեւս շարունակում է գործել ԵԱՀԿ Մինսկի խմբը։ Նա պնդել է, որ պետք է ամբողջությամբ վերցվի Մինսկի խումբը եւ դրա հետ կապ ունեցող մյուս ինստիտուտները։
«Միանգամայն անհասկանալի է Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի չվերացման վերաբերյալ։ Որովհետեւ եթե հակամարտությունը անցյալում է, իսկ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ կարիք կա պահպանել անցյալի մասունք հանդիսացող Մինսկի խումբը»,-ասել է Ադրբեջանի նախագահը։