Դավիթը մոտենում է մեղվի փեթակին, բացում, միջից հանում է մեղրի շրջանակը, թափ տալիս ու առանց մեղու շրջանակները տանում ներս։ Դանակով կտրում է շրջանակը, բացում բջիջները, որ կարողանա մեղրը հանել։ Մեղրի շրջանակները դնում է մեղրաքամի մեջ ու պտտեցնում՝ մեկ րոպե աջ, երկու րոպե ձախ։ Հինգ րոպեից մեղրը պատրաստ է։
-Շատ մարդիկ ինձ գիտեն, որ ես Ջերմուկից Մեղր Դավիթն եմ։ Ես էլ իրենց համար լավ մեղր եմ սարքում։
Իսկ Ամուլսարը ո՞ր կողմում է,- հարցնում եմ Մեղր Դավիթին, խորը շունչ է քաշում ու ձեռքը պարզում սարի ուղղությամբ։
-Չգիտեմ ես դրա մասնագետը չեմ, բայց ասում են՝ վատ կլինի, նույնիսկ ասում են կոնկրետ մեղուների վրա կարա շատ վատ ազդի, եթե հանքը բացվի։
-Ես 29 տարեկան ժամանակ մտածեցի, որ պապիիս թողած գործը կարելի ա շարունակել։ Փորձեցի՝ ստացվեց։ Հայրս ութ փեթակ էր տվել, ասեց՝ տեսնեմ կարա՞ս գլուխդ պահես։ Ամեն տարի ջանք եմ գործադրել ու էս տնտեսությունը կամաց-կամաց մեծացրել եմ։ Զգացել եմ, որ էս գործը լավ գործ ա,- ասում է Դավիթը։
Մոտ 250 մեղվաընտանիք ունի Դավիթը։ Ասում է՝ գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից է մեղվաբուծությունը, կուզեր իր գիտելիքով մյուսների հետ էլ կիսվել։
-Լավ կլինի կառավարությունը մեղվաբուծությանը մի քիչ ուշադրություն դարձնի, լաբորատորիաներ դնեն, մեղվապահությունը զարգացնեն, արտահանենք այլ երկրներ։ Ես, օրինակ, առաջարկ ունեմ կառավարությանը, կարամ դասընթացներ տամ, մարդկանց սովորացնեմ, ամեն մեկին մի քանի մեղվաընտանիք տանք, թող պահեն։ Շատ լավ եկամուտ բերող գործ ա, ուղղակի պետության աջակցությունն ա պետք, ես չեմ կարա իմ մեղուները վերցնեմ բաժանեմ ժողովրդին։ Չնայած տենց բաներ էլ ենք անում մեկ-մեկ,- պատմում է Մեղր Դավիթը։
Պետական սուբվենցիոն ծրագրերը Ջերմուկում քիչ են։ Օգոստոսի 22-ին կառավարությունը հայտարարեց «ՀՀ-ում անասնաբուծության խթանման» ծրագրի մասին։ Այն խթանելու է ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, մթերատվության բարձրացումը եւ մեղվաբուծությունը։ Կառավարությունն այս ծրագիրն իրականցնում է չորս մարզերում։ Վայոց ձորը ներառված չէ։
Ջերմուկում մարտահրավերներն ու խնդիրները շատ են։ Օգոստոսի 23-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ֆորում անցկացրեց համայնքի բնակիչների, գյուղատնտեսների, զբոսաշրջության ոլորտի աշխատողների, ֆերմերների եւ ոլորտի փորձագետների հետ։
Քննարկեցին համայնքների կայուն, կանաչ տնտեսությունների և զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ քայլերը, վերհանեցին Ջերմուկ համայնքի կարիքները, հնարավորություններն ու մարտահրավերները։ Ֆորումի մասնակիցները կիսվեցին Ջերմուկի այլընտրանքային զարգացման իրենց տեսակետներով։
Ֆորումից հետո մասնակիցներից կազմվեց աշխատանքային խումբ, որը փորձելու է կյանքի կոչել ֆորումի ընթացքում արտահայտած տեսլականները՝ Ջերմուկի այլընտրանքային զարգացման, կանաչ տնտեսություններ հիմնելու եւ զարգացման համար գրավիչ ներդրումային դաշտ ձևավորելու ուղղությամբ։
Նկարագրում եմ այն՝ ինչ չեմ կարող փոխել։