Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երկկողմ հանդիպում ունենալ նաեւ Հայաստան–Ադրբեջան սահմանին։
Այս մասին վարչապետը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով բանակցություններում միջնորդների վերաբերյալ հարցին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքվում հնչեցրած այն հայտարարությանը, Մոսկվան ուրախ կլինի, եթե ինչ–որ բան կարողանա անել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Փաշինյանն ի պատասխան հիշեցրել է, որ տեւական ժամանակ է ինչ Երեւանն ու Բաքուն բանակցում են երկկողմ ձեւաչափով՝ առանց միջնորդների։
«Կարող ենք ասել, որ այդ երկկողմ ձեւաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած ապրիլի 29–ի հայտարարությամբ: Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց: Կարծում ենք, որ պետք է կողմնորոշվենք այս հարցում, որովհետեւ ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում աշխատում ենք երկկողմ ձեւաչափով»,-ասել է ՀՀ վարչապետը եւ հավելել, որ քանի դեռ կողմերը կարող են այս ձեւաչափով առաջ շարժվել, ապա ճիշտը նման ձեւաչափի պահպանումն է։
Փաշինյանը նաեւ նշել է, որ նախորդ շաբաթ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է Հայաստանի նման դիրքորոշման մասին։ Միեւնույն ժամանակ ՀՀ վարչապետը չի բացառել նաեւ այլ հարթակներում բանակցելու հավանականությունը։
«Ընդ որում՝ երբ գա, հասունանա պահը՝ բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու՝ չբացառելով որեւէ այլ ձեւաչափ. կարծում եմ, օրինակ, դա կարող է նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում, եւ ես պատրաստ եմ նաեւ այդպիսի շփումների»,-ասել է Փաշինյանը: