Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում սովորողների թիվը գրեթե կրկնապատկվել է: Նոր ուսումնական տարում այս կրթօջախ կհաճախի 8-14 տարեկան 180 երեխա: Շատերին նոր ու հարմարավետ պայմաններում սովորելու հնարավորությունն է այստեղ բերել:
14-ամյա Իլոնա Անտակյանի ընտանիքը երրորդ տարին է, ինչ ապրում է Վանաձորում. Ռուսաստանից են տեղափոխվել: Աղջիկն այս տարի է ընդունվել գեղարվեստի դպրոց: Ասում է՝ մայրն իմացել է վերակառուցված դպրոցի մասին, հետո դիմել են, մասնակցել ընդունելության քննություններին:
«Կարելի է սովորել ոչ նորմալ պայմաններում․ չէ՞ որ մարդիկ՝ արվեստագետները, հնում սուղ պայմաններում են ստեղծագործել, բայց կարեւոր է, որ ամեն ինչ կա, լավ պայմաններ կան սովորելու համար։ Դա մի աստիճան բարձրացնում է քեզ քո նվաճումներին հասնելու համար։ Ուզում եմ աշխարհահռչակ նկարչուհի դառնալ»։
Գեղարվեստի դպրոցի սան Ալբերտ Մարգարյանն էլ որոշել է ապագայում քանդակագործություն դասավանդել հենց այս դպրոցում:
«Էստեղ (վերանորոգված շենքում-հեղ.) ժամանակակից արվեստի հոտ է գալիս, էնտեղից նկարչի արվեստանոցի հոտ էր գալիս։ Առաջին անգամ, որ եկա, լրիվ “wow” վիճակ էր, լրիվ փոխվել է, մենակ աուրան է մնացել հինը»:
Վանաձորի գեղարվեստի դպրոցի՝ 1957-ին կառուցված շենքը նախկինում մսուր- մանկապարտեզինն է եղել: Փայտե տնակներում գործող դպրոցը 1989-ին է տեղափոխվել այստեղ: Տասնամյակների ընթացքում անմխիթար ու անհրապույր դարձած շենքը ժամանակակից պայմաններով կրթօջախ դարձնելու գործը մեկ տարի առաջ ստանձնել է Հայ օգնության ֆոնդը: Բարերար Գուրգեն Եկարեանի նվիրատվությամբ երկրորդ հարկ է կառուցվել, բարեկարգվել է բակը, շրջակայքը, հիմնանորոգվել ու կահավորվել են բոլոր դասասենյակները: Արվեստի կրթօջախին տրամադրվել են աշխատանքային անհրաժեշտ պարագաներ:
Մոտ մեկ տարի տեւած հիմնանորոգումից հետո դպրոցը վերաբացվել է մայիսի 21-ին: Վանաձորի երեխաներն արդեն գծանկարի, գեղանկարի, քանդակի, դեկորատիվ արվեստի, գրաֆիկայի պրակտիկ եւ տեսական պարապմունքների համար լիարժեք պայմաններ ունեն: Գեղարվեստի դպրոցի ցուցասրահը տեղակայվել է նորակառույց երկրորդ հարկում:
Գեղանկարիչ, քանդակագործ Արսեն Ռաֆայելյանը 20 տարի է՝ գեղարվեստի դպրոցի տնօրենն է: Ասում է՝ ստեղծված պայմաններն անհամեմատելի են նախկին միջավայրի հետ: Թեեւ, կատակում է, հիմա ստեղծագործելիս կարծես կաշկանդված են, որ հատակին ներկ չթափեն կամ ինչ-որ իր տեղափոխելիս պատերը չվնասեն:
«Տարածքը զգալի ընդլայնվել է: Նախկինում, երբ տեսնում էին, թե ինչ փոշի է թափվում փտած դռներից կամ մտնում էին սանհանգույց, արդեն դա հերիք էր, որ հրաժարվեն երեխաներին այստեղ բերելուց: Հիմա լրիվ ուրիշ պայմաններ են: Նույնիսկ նրանք, որ երբեք չեն մտածել նկարչությամբ զբաղվելու մասին, շենք մտնելուց հետո չեն ուզում դուրս գալ», — «Ալիք Մեդիա»-ին ասաց Արսեն Ռաֆայելյանը:
Ըստ տնօրենի՝ հիմա դպրոցում որեւէ բանի պակաս չունեն, միայն օդափոխության խնդիր կա. ամռանը թեեւ երեխաներն արձակուրդում են, բայց շենքի ներսում տոթ է լինում, գուցե օդորակիչների միջոցով կարողանան խնդիրը լուծել:
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։