Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան եռակողմ համագործակցության ձեւաչափին:
«Թուրքիան Վրաստանը դիտարկում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Հավատում եմ, որ միասին կարող ենք աշխատանքներ տանել՝ միտված տարածաշրջանային խաղաղությանն ու համընդգրկուն համագործակցությանը,- նշել է Էրդողանը եւ կարեւորել իրենց եռակողմ համագործակցությունը Ադրբեջանի հետ:
«Թուրքիան պատրաստ է աջակցել թե՛ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան եւ թե՛ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձեւաչափով եռակողմ համագործակցություններին»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ որոշում է կայացվել ամենակարճ ժամկետում Վրաստանի մասնակցությամբ բարձրագույն ռազմավարական խորհուրդ անցկացնելու մասին:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի ԱԳ, էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարներն ու Աջարիայի կառավարության ղեկավարը: