Սեպտեմբերի 2-ին Իսրայելում համընդհանուր գործադուլ է հայտարարված։ Այդ մասին նախօրեին հայտարարել է երկրի խոշորագույն արհմիությունների ֆեդերացիայի՝ «Հիստադրութի» առաջնորդ Առնոն Բար-Դավիդը, գրում է The Times of Israel-ը։
Գործադուլավորները պահանջում են, որ երկրի իշխանություններն անհապաղ ազատեն ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված իսրայելցիներին։ Բար-Դավիթը կարծիք է հայտնել, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հետաձգում է պաղեստինյան շարժման հետ պայմանավորվածությունները «քաղաքական նկատառումներով»։
«Այժմ ամենակարեւորը [պատանդների ազատ արձակման շուրջ] պայմանավորվածությունների ձեռքբերումն է»,- ասաց արհմիությունների ֆեդերացիայի նախագահը։
Գործադուլի շրջանակներում Թել Ավիվի միջազգային օդանավակայանը կդադարեցնի աշխատանքը, մասամբ կփակվեն դպրոցներն ու մանկապարտեզները, պետական եւ քաղաքային հաստատությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, որոշ առեւտրի կենտրոններ։ Հանգստյան օրերին բուժհաստատությունները կհերթապահեն։
Սեպտեմբերի 1-ի կեսօրին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զինվորականները Գազայի հատվածում հայտնաբերել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված եւս վեց անձանց մարմիններ: Մոտ 90 պատանդի ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։ Զինվորականների տվյալներով՝ նրանցից առնվազն 33-ն այլեւս ողջ չեն։
Այս հայտարարություններից հետո շուրջ կես միլիոն մարդ էր դուրս եկել փողոց՝ պահանջելով պատանդների ազատ արձակման հարցով անհապաղ լուծուման հասնել ՀԱՄԱՍ-ի հետ։