Ռուսաստանը, Թուրքիան, Սիրիան, Իրանը տեսանելի ապագայում եւս մեկ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների մեծ ջանքերի շնորհիվ անցած տարի մենք կարողացանք հանդիպումներ անցկացնել պաշտպանական գերատեսչությունների, արտաքին գործերի նախարարությունների, հետախուզական ծառայությունների մասնակցությամբ։ Այնտեղ նրանք փորձեցին բանակցել այնպիսի պայմանների շուրջ, որոնք կարող են հանգեցնել Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Այս հանդիպումներին մասնակցել են ներկայացուցիչներ Սիրիայից, Թուրքիայից, Ռուսաստանից եւ Իրանից։ Այժմ ելնում ենք հաջորդ հանդիպմանը պատրաստվելու նպատակահարմարությունից։ Վստահ եմ, որ դա տեղի կունենա տեսանելի ապագայում»,-ասել է Լավրովը։
Նշենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկրի խորհրդարանում օգոստոսի 25–ին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Դամասկոսի համար «անկյունաքար է համարվելու Թուրքիայի դուրսբերումը սիրիական տարածքից եւ ահաբեկչական խմբավորումներին նրա աջակցության դադարեցումը», ինչպես նաեւ Սիրիայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ Անկարայի հարգանքը։
Նույն հարցազրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Թուրքական կողմը պատրաստ է քննարկել Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը, սակայն մինչ այժմ չի հաջողվել համաձայնության գալ այս գործընթացի որոշ պարամետրերի շուրջ։
«Թուրքերը պատրաստ են դրան, սակայն մինչ այժմ կոնկրետ պարամետրեր համաձայնեցված չեն։ Խոսքը փախստականների վերադարձի, ահաբեկչական սպառնալիքը ճնշելու համար անհրաժեշտ միջոցների մասին է, որոնք ավելորդ կդարձնեն թուրքական զորամիավորումների ներկայությունը։ Այդ ամենը մշակման փուլում է»,-ասել է Լավրովը։