Վրաստանի պաշտպանության նախարարությունում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանը եւ Իրակլի Չիկովանին կարեւորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաեւ ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն հաստատելու կարեւորությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների միջոցով ուսումնասիրել նաեւ երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնման ու նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները:
Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր: