Հայաստանը խաղաղության համաձայնագրի նախագծից դուրս է թողել մի քանի կարեւոր կետ, ի պատասխան առաջարկներ կներկայացնի նաեւ Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Բայրամովը նշել է, որ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներից մոտ 70 օր հետո՝ շաբաթ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից մի քանի ժամ առաջ Երեւանը ներկայացրել է իր տարբերակները։
«Համաձայնագրի նախագծում կարեւոր կետերը բացակայում են, եւ մեզ ասացին, որ սա հարցի լուծում է։ Անցած պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը եւ դրա յուրաքանչյուր կետ շատ կարեւոր նշանակություն ունի։ Հայկական կողմին մեր առաջարկը այն է, որ նրանք ավելի լուրջ մոտենան այս հարցերին։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք մի տարբերակ, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ համապատասխանում է մեր ազգային շահերին»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։