Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը սեպտեմբերի 1-ից սկսել է գազի մատակարարումները դեպի Խորվաթիա։ Այս մասին հայտնում է SOCAR-ի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական գազի մատակարարումները Խորվաթիա, որոնք սկսվել են ձմեռային սեզոնի նախաշեմին երկու երկրների կառավարությունների հաջող համագործակցության շնորհիվ, իրականացվում են PPD եւ MET Group ընկերությունների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մատակարարման ծավալները չեն նշվում։ Ընկերության տվյալներով՝ Խորվաթիան դարձել է 10-րդ երկիրը, որտեղ ադրբեջանական գազ է մատակարարվում։
2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է գազի առեւտրային մատակարարումները Եվրոպա Անդրադրիատիկ գազատարով, որը Հարավային գազային միջանցքի մաս է կազմում։ Ադրբեջանական գազի գնորդների թվում են նաեւ Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Ռումինիան, Սերբիան, Սլովենիան եւ Թուրքիան։