Հայաստանի կառավարությունը հրապարակել է օգոստոսի 30-ին ստորագրած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։
Դրանում մասնավորապես նշվում է, որ հանձնաժողովները պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
Նախագիծը սեպտեմբերի 5-ին կքննարկվի Կառավարության նիստում, ապա այն կուղարկվի Սահմանադրական դատարան Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար։ Հաջորդ փուլով այն կներկայացվի արդեն Հայաստանի Ազգային ժողովի վավերացմանը։