Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ենթադրում է, որ Մոսկվայի «հակառակորդները» կարող են բանակցություններ սկսել Կուրսկի մարզում ուկրաինական բանակի հարձակողական գործողությունների ձախողումից հետո։
Պուտինը թեմային անդրադարձել է «Զրույց կարեւորի մասին» բաց դասի ժամանակ՝ նշելով, որ Կուրսկի ձախողումից հետո Ռուսաստանի հակառակորդները «իրոք ցանկություն կունենան՝ ոչ թե խոսքով, այլ գործով անցնել խաղաղ բանակցությունների եւ այդ հարցերը լուծել խաղաղ ճանապարհով»։
«Մենք երբեք չենք հրաժարվել դրանից, ես միշտ ասել եմ, որ ցանկանում ենք լուծել բոլոր վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Նա կրկին Կիեւին մեղադրել է Ուկրաինայում ներկա հակամարտությունը բռնկման համար՝ նշելով, որ դրա հիմնական պատճառը Դոնբասում խաղաղ կարգավորման հնարավորության հետ կապված բոլոր նախկին պայմանավորվածություններից հրաժարումն էր։
«Նրանք հայտարարեցին, որ չեն իրականացնելու այսպես կոչված մինսկյան համաձայնագրերը, երբ մենք պայմանավորվեցինք, թե ինչպես պետք է շարունակենք հարաբերություններ կառուցել Ուկրաինայի հետ եւ Ուկրաինայի ներսում այն մարդկանց հետ, ովքեր չեն կորցնում կապը Ռուսաստանի հետ։ Ոչ, նրանք դեն նետեցին այս բոլոր պայմանավորվածությունները եւ սկսեցին նախապատրաստվել ռազմական գործողությունների, որոնք նրանք արդեն բազմիցս իրականացրել են Դոնբասի տարածքում։ Մենք, ըստ էության, սկսեցինք պաշտպանել մեր ժողովրդին, որն ապրում է այս տարածքում։ Բայց, այնուամենայնիվ, մենք միշտ հանդես ենք եկել խաղաղ կարգավորման օգտին»,- ասել է Պուտինը։