Իրանի արտգործնախարարության Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկուշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը դեմ է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների եւ աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության: Այս մասին հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը։
Ռուսաստանի դեսպանի հետ Իրանի արտգործնախարարության ներկայացուչրի հանդիպումը կայանում է տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը իբր Հայաստանի կողմից խոչնդոտելու մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների ֆոնին։
Իրանցի դիվանագետը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, ինչպես նաեւ անհրաժեշտ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների շահերին եւ օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելը:
IRNA-ի փոխանցմամբ դիվանագետները մտքեր են փոխանակել Կովկասում ընթացող զարգացումների վերաբերյալ եւ կարեւորել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու երկրների փոխադարձ շահերի հարգումը, որոնք, կայուն խաղաղության եւ տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են։ Բացի այդ Դեմիրչիլուն եւ Դեդովը ընդգծել են նաեւ տարածաշրջանի երկրների կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման եւ տնտեսական ծրագրերի իրականացման համար՝ կրկին հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։
Խոսվել է նաեւ 3+3 խորհրդատվական ձեւաչափի առաջիկա հանդիպման մասին, որը ներառում է հարավկովկասյան երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, գումարած Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։