«-Որքա՞ն կտեւի հարցազրույցը։
-Դե, մոտ 30 րոպե։
-Ուրեմն՝ առնվազն 1 ժամ նկատի ունենանք»․
այսպես սկսվեց Տավուշի մարզում գործունեություն ծավալող «Վարդո Գրուպ»-ի (կազմում են «Կճուճ», «Թավա», «Լօշ» ռեստորանները, «Գաթերիան» Հաղարծնում եւ Գոշում եւ «Քօլի քեյթրինգ» ծառայությունը) հիմնադիր Վարդա Ավետիսյանի հետ հարցազրույցը։ Բանախոսի ասած ժամն ավելի մոտ էր իրականությանը՝ մեկուկես ժամ։
Վարդային մարզում բոլորն են ճանաչում։ Մի քանի տարում Տավուշի ռեստորանային մշակույթը վերափոխած գործարարը, սակայն, տարիներ առաջ չի էլ պատկերացրել, որ կցանկանա նորից վերադառնալ Հայաստան՝ մշտական բնակության։
ԱՄՆ-ում երկարատեւ բնակությունից հետո սովորական առիթով Հայաստան ժամանելը Վարդայի համար ճակատագրական է եղել։ Ինչպես ինքն է ասում՝ այդ այցելության ժամանակ տեսած հարաբերությունների ձեւն էլ իրեն ստիպել է ամերիկյան երազանքը զիջել հայրենիքին։
«Սիրտս կապվեց Հայաստանի հետ։ Մարդկային հարաբերություններն այստեղ «սիրտ-սիրտ» էին՝ շատ իրական, էմոցիանալ, ինչը չկարողացա մոռանալ, երբ վերադարձա առաջին այցիցս հետո։ Ուզում էի հայերենով խոսել, շփվել։ ԱՄՆ-ում ամեն ինչ շատ հասկանալի էր, կյանքը՝ պլանավորած ու սիրուն, բայց ինքս այդ կյանքում դժբախտ էի, որովհետեւ ինձ չէի կարողանում գտնել։ Հայաստանում ինձ ամենաիրականն էի զգում՝ անկախ բարդություններից, կենսապայմաններից․ այստեղ թե՛ խնդիրները, թե՛ ուրախություններն ավելի ուժեղ են»,- ասում է Վարդան։
Հանրության շրջանում ուժեղ կնոջ կերպարով հայտնի Վարդան իր թուլություններն ունի։ Հատկապես մարզում հաջողակ կին գործարար դառնալն առաջին հայացքից անիրական է թվացել։ Ընդամենը 10 տարեկանում մորը կորցրած Վարդան շուրջն ուժեղ կնոջ կերպար չի ունեցել, որին կարող էր նմանվել։ Փոխարենը, ինչպես ինքն է ասում, բազմաթիվ են եղել այն օրինակները, թե ինչպիսին չպետք է դառնալ։
«Ես ինձ ճանաչում եմ նույնիսկ որպես ամենավախկոտ մարդ։ Կերպարը, որ կողքից երեւում է, ինձ էլ է հետաքրքիր։ Ես միշտ ըմբոստացել եմ սեռերի բաժանման ու կարծրատիպերի նկատմամբ։ Ինձ միշտ դուր է եկել մտածող կինը․ նա, ով ճանաչում է ինքն իրեն եւ անկաշկանդ է իրեն ներկայացնելիս։ Իմ ըմբոստությամբ արել եմ ամեն ինչ, որ չլինեմ ավանդական պատկերացումների համապատասխան կին, որը զոհողությունների է գնում, անընդհատ անում է այն, ինչը չի ուզում»,- ասում է մեր զրուցակիցը։
Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց
2016 թվականին Վարդան Տավուշում բացել է առաջին ռեստորանը՝ «Կճուճը»։ Ցանկացել են աշխարհին ցույց տալ տավուշյան խոհանոցն ու ձեւավորված մշակույթը։ Հայաստանի հյուսիսում թոնրի փոխարեն ավելի տարածված է փռի օգտագործումը։
«Ինձ համար դա նորություն էր։ Ոգեշնչումը հենց տարածքից ու սովորույթներից եկավ։ Որոշեցի, որ մեր ուտեստները բնական անոթի մեջ պետք է պատրաստվեն՝ կա՛մ կավ, կա՛մ չուգունե թավաներ։ Ռեստորան, փռում դանդաղ եփված ճաշեր․ ամենադժվարը անունն ընտրելն էր։ Ասում էին՝ «Կճուճը» դժվար արտասանվող բառ է, արտասահմանցին չի կարողանալու արտասանել, բայց գնացինք ռիսկի ու հաջողեցինք»։
Սկզբում ընդամենը երեք աշխատակից ունեցող ռեստորանում Վարդան ե՛ւ խոհարար է եղել, ե՛ւ սրահի սպասարկմամբ զբաղվել։ Մեկ ամսում թիմի անդամների թիվը հասել է տասներկուսի։
2018-ին, երբ բացվել են մյուս ռեստորանները, աշխատակիցների թիվը մի քանի անգամ ավելացել է՝ 2019-ին հասնելով 120-ի։ Բոլոր աշխատակիցները եղել են մարզից։ «Մի քանի փորձեր ունեցանք Երեւանից փորձագետ-մասնագետների ներգրավելու, բայց բոլորն անհաջողությամբ պսակվեցին, մարդկային փոխհարաբերությունները շատ ավելի դժվար են կառուցվում այդ մոդելով։ Այժմ բոլոր աշխատակիցները բացառապես Դիլիջանից ու հարակից բնակավայրերից են»,-ներկայացնում է «Վարդո գրուպ»-ի հիմնադիրը՝ նշելով, թե աշխատակիցներին իրենք են տեղում սովորեցնում։
Ինչպես ռեստորանային ոլորտի այլ կազմակերպությունների, այնպես էլ Վարդայի հիմնադրած ռեստորանների համար 2020-ը ջախջախիչ էր եղել։ Փակվել էին բոլոր ռեստորանները։ Վարդան էլ տեւական ժամանակ ստիպված է եղել մնալ այլ երկրում՝ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով։ Պատերազմի մեկնարկից հետո վերադարձել է Հայաստան։ Թիմի ու հաճախորդների սպասումն ու հավատն էլ այն ոգեւորող ուժն է եղել, որ ամեն ինչ պետք է 0-ից սկսել։ Ընդամենը 13 հոգանոց թիմը կրկին ընդլայնվել է՝ մարզեցիների համար ապահովելով մինչեւ 140 աշխատատեղ։
Բիզնեսը՝ մարզում
Գործարարն ասում է՝ շատ դեպքերում անգամ անիմաստ է մարզ բիզնես բերելը, եթե հաշվի առնենք թվային պատկերը։ Նախաձեռնությունն սկսողին պետք է որեւէ այլ բան ոգեշնչի։ «Եթե գաղափարի հետեւում հարաբերություններ, սեր, նվիրում ու մարզի հետ էմոցիոնալ կապ չկա, շատ քիչ գործարարների մտքով կանցնի որեւէ բան սկսելը։ Ենթակառուցվածքները լավ չեն աշխատում, կադրերի խնդիր ունենք, բոլոր լավ մասնագետները լավագույն դեպքում մայրաքաղաքում են, վատագույն դեպքում՝ երկրից դուրս։ Չկան կրթական համակարգեր, որոնք նոր մասնագետների կստեղծեն։
Բայց երբ տեսնում ենք՝ ինչպես է մեր արած աշխատանքը դրական ազդում մարզի, համայնքի ու ներգրավված յուրաքանչյուր անձի վրա, ոգեւորվում ենք ու հավատում մեր բռնած ուղուն»։
Վարդան ծրագրում է առաջիկայում նաեւ խոհարարական գիրք գրել, որով ոչ թե պարզապես բաղադրատոմսեր կփոխանցի, այլ կներակայացնի տավուշյան մշակույթը, տեղի ուտեսներն ու խոհարարական ավանդույթները։ «Այժմ այս ոլորտը վերադառնում է ուտելիքների պատրաստման բնական մեթոդներին, բնական անոթների կիրառմանը։ Ժամանակի ընթացքում ապացուցվում է, թե ինչքան օգտակար են բնական անոթները։ Գրքում կներկայացնեմ հենց այդ մշակույթն ու գործածման մեթոդները։ Ուզում եմ փոխանցել նաեւ մեր հյուրերի սիրելի ուտեստների մանրամասն բաղադրատոմսերը՝ առանց որեւէ գաղտնիքի՝ ցույց տալու համար, որ դրանք կարող են նաեւ տանը պատրաստել»։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: