Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։
«Ուկրաինայի Գերագույն Ռադան հրաժարականի դիմում է ստացել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դ.Ի.Կուլեբայից։ Դիմումը կքննարկվի առաջիկա լիագումար նիստերից մեկում»,-գրել է Ստեֆանչուկը ֆեյսբուքյան էջում։
Ռադայի նախագահը տեղադրել է նաեւ Կուլեբայի հայտարարության լուսապատճենը, որում նա խնդրում է ընդունել իր հրաժարականի դիմումը՝ չնշելով իր որոշման պատճառները։ Փաստաթուղթը թվագրված է սեպտեմբերի 4-ով։
Նախօրեին՝ սեպտեմբերի 3-ին հրաժարականի դիմում ներկայացրել էին նաեւ Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, ռազմավարական արդյունաբերության հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը, շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների նախարար Ռուսլան Ստրելեցը, եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան եւ չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետը Իրինա Վերեշչուկը։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատել էր Ռոստիսլավ Շուրմային։