Երեւանում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնն արդեն 30 տարվա պատմություն ունի։ Շահառուները միայնակ տարեցները, հաշմանդամություն ունեցողները եւ կարիքավոր ընտանիքներն են։
Վերջին տարիներին շահառուների շարքում կան նաեւ Արցախից բռնի տեղահանվածները եւ սիրիահայերը։ 2022 թվականի հուլիսից կենտրոնում գործում է «Հույսով լի եւ առողջ մանկություն» ծրագիրը, որի շրջանակում ավելի քան 300 արցախցի եւ սիրիահայ երեխա արտադպրոցական կրթություն է ստանում։ Կան գերմաներենի, երգի, պարի, նկարչության, ձեռագործի, թաղիքագործության, լողի, շախմատի եւ այլ խմբակներ։ Առաջիկայում կմեկնարկեն անգլերենի ուսուցման կուրսերը։ Կենտրոնում երեխաները նաեւ սնվում են։
Նրանց հետ աշխատում են հոգեբաններ։ Հատկապես փոքր տարիքի երեխաներից շատերը դեռ հոգեբանական խնդիրներ, վախեր ունեն։ Պատերազմը՝ ռումբերի ձայնը, դաժան տեսարաններն իրենց ծանր դրոշմն են թողել։ Ոմանք էլ չեն կարողանում հարմարվել նոր միջավայրին, թեեւ սիրված ու գնահատված են․ կարոտում են Արցախն՝ իրենց տունը, բակն, ընկերներին։ Դժվար է ընդունելը, որ դեռ չեն կարող վերադառնալ, առայժմ պիտի ապրեն Երեւանում։
«Հուսո տուն» կենտրոնի տնօրեն Մովսես Պողոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց՝ եթե կան արցախցի երեխաներ, որոնք կուզենան հախաճել «Հուսո տուն» կենտրոն, կարող են դիմել իրենց։
«Ունենք հովանավորներ։ Կան անհատներ եւ ընտանիքներ, որոնք սիրով հովանավորում են։ Ոմանք դրամական աջակցություն են ցուցաբերում, ոմանք անվճար թարմ բանջարեղեն ու մրգեր են բերում երեխաների համար։ Շատ լավ բարեկամներ ունենք։ Այսպես միմյանց աջակցելով՝ կարողանում ենք աշխատել»,- պատմում է Մովսես Պողոսյանը։
Այս դասընթացներից բացի՝ արցախցի երեխաների համար նաեւ էքսկուսիաներ են կազմակերպվում, նրանց տանում են տեսարժան վայրեր, որպեսզի հայրենաճանաչ դառնան։
Այսպիսի կրթական կենտրոնները պետք է շատ լինեն, որպեսզի արցախցի երեխաները անվճար տարբեր խմբակներ հաճախելու, հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորություն ունենան։
«Հուսո տուն» բարեգործական կենտրոնում ձեռագործի խմբի ուսուցչուհի Ամալյա Առուշանյանը 2024 թվականի մարտից է աշխատանքի անցել։ Նա Արցախի Մարտունու շրջանի Ջիվանի գյուղից է։ Ավելի քան 18 տարի դպրոցում «Անգլերեն», ապա նաեւ «Տեխնոլոգիա» առարկաներն է դասավանդել։ Երեւան տեղափոխվելուց հետո երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել։ «Հուսո տուն» գալուց հետո կյանքը գունավորվել է։ Երեխաները էներգիայով ու հույսով են լցնում նրա կյանքը։
«Մեր ընտանիքը յոթ հոգուց է բացկացած, որից երեքն աշխատունակ է, բայց ոչ մեկս հիմնական գործ չունենք։ Ես շաբաթական մի քանի անգամ եմ «Հուսո տուն» գալիս եւ, անշուշտ, այլ աշխատանքի կարիք էլ ունեմ, բայց չեմ կարողանում գտնել։ Հիմնականում ինձ տարիքիս համար են մերժել, նույնիսկ հարցազրույցի չեն կանչել, որ լսեն։ Որդիս էլ աշխարհագրագետ է, Արցախում դպրոցում դասավանդել է, նա էլ չի կարողանում աշխատանք գտնել»,- մանրամասնում է Ամալյա Առուշանյանը։
Տան վարձը 280 հազար դրամ է։ Միայն այս ծախսը հոգալն արդեն իսկ բարդ է։ Բազմաթիվ արցախցիների մեծագույն սոցիալական խնդիրը գործազրկությունն է։
Ռայա Առուշանյանը Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղից է։ Հինգ թոռներին ուղեկցում է «Հուսո տուն»։ Երեխաները ծեփագործության, կավագործության, նկարչության, լողի ու շախմատի խմբակներ են հաճախում։ Թոռները շատ են ուրախացել, երբ իմացել են՝ նման խմբակներ կան ու իրենք կարող են անվճար հաճախել։ Տիկին Ռայան երեք զավակ ունի, կրտսեր որդին՝ բժիշկ Կարեն Փաթյանը, մարդասիրական առաքելություն իրականացնելիս Վարանդայում զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։
Հիմա տիկին Ռայան եւ ամուսինը Երեւանում վարձով են ապրում կրտսեր որդու կնոջ ու նրա միակ զավակի՝ 7-ամյա Արենի հետ։ Արենը լողի, նկարչության ու տոխնոլոգիայի դասերի է հաճախում։
Մի կերպ են հարմարվել նոր տանը, պայմաններին։ Սկզբում հույս չեն ունեցել, որ կորստի այդ ցավից հետո կկարողանան ապրել, բայց հանուն Արենի ուժ են գտել։ Հիմա տիկին Ռայան երեխայի խնամքով է զբաղվում։ Որդու կինը գյուղում աշխարհագրության ուսուցչուհի էր, իսկ այժմ Երեւանում բեռնափոխադրող ընկերությունում է աշխատում։ Սոցիալական խնդիրները շատ են։ Պետությունն ամեն շնչին 50 հազար դրամ սոցիալական աջակցություն պիտի տրամադրի, բայց միշտ ուշացնում է։
«Գնում ենք Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, ասում են՝ գնացե՛ք այս բանկը, այն բանկը։ Ասում են՝ փոխանցված է, մշակման փուլում է․․․ Փեսաս էլ է զոհվել․ աղջիկս երկու երեխայի հետ վարձով է ապրում։ Նա պիտի 150 հազար դրամ ստանա, մի քիչ էլ ավելացնի, վարձ տա, բայց ո՛չ հունիսի գումարն են տվել, ո՛չ օգոստոսի․․․ այսպես անտարբեր ու արհամարհանքով են վերաբերվում, կարծես մենք մեր կամքով ենք մեր տները թողել, եկել այստեղ։ Ամենացավալին էլ այն է, որ ում դիմում ենք, մեկը մի կոնկրետ ու հստակ բան չի ասում։ Շատերն էլ իրենց աշխատանքից գլուխ չեն հանում։ Բարոյական, հոգեբանական, ֆինանսական ահավոր վիճակում ենք։ Իրար վրա են գցում, չգիտես՝ ուր է այդ փողը․․․»,- մտահոգվում է տիկին Ռայան։
Նրա ամուսինն Արցախում 12 տարի քիմիա եւ կենսաբանություն է դասավանդել, 1992 թվականից զինվորական ծառայության է անցել, այժմ մայորի կոչում ունի։ Աշխատանք է փնտրում, բայց չի կարողանում գտնել։ Հիմա արցախցիներին աշխատանք է պետք, որ կարողանան սոցիալական խնդիրները լուծել։
Տիկին Ռայայի թոռնիկ 7-ամյա Արենը ցույց է տալիս իր նկարածները։ Դրանցից մի քանիսն ուսուցչուհին ամրացրել է պատին, որ բոլորը տեսնեն։ Արենի նկարներում գույները շատ են։ Երբ հարցրինք՝ ինչո՞ւ է այդպես, պատասխանեց․ «Որ կյանքն էլ գունավոր լինի»։
Նկարչության ուսուցչուհի Ելենա Սայադյանը շուրջ մեկ տարի դասավանում է «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում։ Ավելի քան 80 աշակերտ ունի։ Երեխաները շաբաթական երկու անգամ են նկարչության խմբակ հաճախում։
«Արցախցի փոքրիկների հոգեբանական վիճակն արտացոլվում է նրանց պատկերած նկարներում։ Հատկապես այստեղ հաճախելու առաջին ամիսներին նրանք միայն գորշ կամ սեւ գույներն էին օգտագործում, պատերազմական տեսարաններ նկարում։ Նկարչությունը եւս թերապիա է, որն իր արդյունքը տվեց։ Երկար ժամանակ պահանջվեց, մինչեւ փոքրիկները սկսեն վառ գույներ օգտագործել։ Հիմա հազարավոր արցախցի երեխաներ այսպիսի անվճար խմբակներ հաճախելու կարիք ունեն։ Դա օգնում է, որ նրանք հետաքրքիր առօրյա ունենան, զարգացնեն իրենց հմտությունները»,- ասում է Սայադյանը։
Արցախի Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից բռնագաղթած Ռիտա Մարտիրոսյանը երեք թոռներին է ուղեկցում կենտրոն։ Չորրորդ թոռնիկն էլ առաջիկայում գերմաներենի դասերի է հաճախելու։
Կենսաթոշակառու տիկին Ռիտան, նրա ամուսինը, որդին, հարսն ու չորս թոռները միասին են ապրում։ Որդին արցախյան երեք պատերազմներին է մասնակցել։ Երեւանում երեք անգամ աշխատանքի է ընդունվել, բայց դրանք կա՛մ ժամանակավոր են եղել, կա՛մ էլ աշխատավայրը փակել են։ Հիմա ամեն օր աշխատանք է որոնում, դիմում տարբեր մարդկանց։ Նա մասնագիտությամբ ֆինանսիստ է, գյուղում նաեւ տրակտոր է վարել, բայց այստեղ զբաղվածության խնդիրը չի լուծվում։
Նրա կինն այժմ գործավար է աշխատում, բայց աշխատավարձը շատ քիչ է։ 10, 12, 14 եւ 15 տարեկան թոռնիկները հիմա հաճույքով հաճախում են «Հուսո տուն»։ Տիկին Ռիտան ասում է՝ լավ է, որ գոնե այս մի հոգսը թեթեւացել է։ Առանց վճարելու երեխաները տարբեր խմբակներ կարող են հաճախել։
Ռիտա Մարտիրոսյանի թոռնիկը՝ 9-ամյա Հմայակ Մարտիրոսյանը մի քանի ամիս է, ինչ հաճախում է նկարչության։ Սիրով է հաճախում դասերին, ուսուցչուհին նկարչական նոր գաղտնիքներ է սովորեցնում։ Երեւանում մարդիկ լավ են վերաբերվում, դպրոցում իրեն սիրում են, ընկերներ ունի, բայց կարոտում է իր տունը։ Հաճախ է Արցախը նկարում, որովհետեւ Արցախն ամենասիրելին է։
«Մեր տունն Ակնաղբյուրում է, ուզում եմ վերադառնանք այնտեղ»,- եզրափակում է Հմայակը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։