ԱՄՆ ֆինանսների դեպարտամնետը երկրում սպասվող նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձերի պատճառով պատժամիջոցներ է սահմանել «Россия Сегодня» մեդիա խմբի եւ նրա հինգ դուստր ձեռնարկությունների՝ РИА Новости-ի, Russia Today-ի, ТВ-Новости-ի, Ruptly-ի եւ Sputnik-ի համար: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Սահմանափակումներ են մտցվել նաեւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ RT-ի ութ թոփ-մենեջերների նկատմամբ, նրանց թվում են գլխավոր խմբագրի տեղակալներ Ելիզավետա Բրոդսկայան եւ Անտոն Անիսիմովը, RT անգլալեզու լրատվական հեռարձակման փոխտնօրեն Անդրեյ Կիյաշկոն, RT թվային մեդիա նախագծի ղեկավար Կոնստանտին Կալաշնիկովը եւ RT թվային մեդիա նախագծերի բաժնի աշխատակից Ելենա Աֆանասեւան։
ԱՄՆ Ֆինանսների դեպարտամենտը հայտնել է, որ «Россия Сегодня» մեդիա խմբի կառույցները ներառվել են արտասահմանյան առաքելություններ կատարողների ցանկում։
Պետքարտուղարությունն էլ հայտարարել է, որ վիզային սահմանափակումներ է մտցրել եւ մինչեւ տասը միլիոն դոլար պարգեւ է առաջարկել ԱՄՆ ընտրություններին օտարերկրյա միջամտության հետ կապված տեղեկատվության համար։ Գերատեսչությունը նաեւ հավելել է, որ «Russia Today» մեդիա խումբը եւ ԱՄՆ դուստր ձեռնարկությունները պարտավոր կլինեն հաշվետվություն ներկայացնել ԱՄՆ-ում աշխատողների եւ ունեցվածքի մասին:
Բացի այդ, պատժամիջոցների են ենթարկվել «Диалог» ինքնավար ոչ առեւտրային կազմակերպությունը եւ նրա գլխավոր տնօրեն Վլադիմիր Տաբակը։
«Ռուսական կառավարական դերակատարները երկար ժամանակ օգտագործում են մի շարք գործիքներ, ինչպիսիք են գեներատիվ արհեստական ինտելեկտը, կեղծիքները եւ ապատեղեկատվությունը՝ փորձելով խաթարել վստահությունը Միացյալ Նահանգների ընտրական գործընթացների եւ ինստիտուտների նկատմամբ», — ասվում է Ֆինանսների դեպարտամենտի հայտարարության մեջ:
ԱՄՆ արդարադատության դեպարտամնետն էլ իր հերթին հայտնել է, որ մեղադրանք է առաջադրել RT երկու աշխատակիցների՝ Կոնստանտին Կալաշնիկովին եւ Ելենա Աֆանասեւային՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքը խախտելու եւ փողերի լվացման համար։
Գերատեսչության տվյալներով՝ նրանք գրեթե 10 մլն դոլար են ծախսել սոցիալական ցանցերում ռուսամետ քարոզչությամբ ու ապատեղեկատվությունով տեսանյութեր հրապարակելու վրա։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 4-ին, CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանի իշխանություններին մեղադրել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ, որի համար կիրառում է վերահսկվող լրատվամիջոցները եւ ապատեղեկատվություն տարածելու համար այլ հարթակները։