Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պատրաստվում են ստորագրել արհեստական բանականության կիրառման մասին առաջին միջազգային պայմանագիրը, որն իրավաբանորեն պարտադիր կատարման ուժ կունենա։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Թերթի փոխանցմամբ խոսքը Եվրոպայի խորհրդի փաստաթղթի մասին է, որը «երկու տարվա ընթացքում մշակվել է ավելի քան 50 երկրների, այդ թվում՝ Կանադայի, Իսրայելի, Ճապոնիայի եւ Ավստրալիայի ներկայացուցիչների կողմից»։
Համաձայնագիրը ստորագրած բոլոր երկրները «պատասխանատու են լինելու արհեստական բանականության համակարգերում վնասակար կամ խտրական բովանդակության համար»: Դրա համաձայն՝ արգելվում է «հավասարությունը եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը» խախտող նյութերի հայտնվելը։
Մեծ Բրիտանիայի գիտության, նորարարության եւ տեխնոլոգիաների նախարար Փիթեր Քայլը թերթի հետ զրույցում նշել․ «Նորարարությունը զարգանում է նույնքան արագ, որքան արհեստական բանականությունը, եւ կարեւոր է, որ մենք նմանատիպ առաջին քայլ կատարենք ամբողջ աշխարհում։ Սա առաջին պայմանագիրն է աշխարհում, որը նախատեսում է իրական միջոցներ [այս ոլորտում] եւ միավորում է շատ տարբեր երկրների»:
Financial Times-ը գրում է, որ նման պայմանագրի նախագիծը պատրաստվել է այնպիսի ժամանակահատվածում, երբ մի շարք երկրներ բազմաթիվ նոր կանոններ, պարտավորություններ ու համաձայնագրեր են փորձում մշակել արագ զարգացող արհեստական բանականության ծրագրային ապահովումը վերահսկելու համար։
Դրանք ներառում են Արհեստական բանականության մասին եվրոպական ակտը (2024) եւ Մեծ յոթնյակի (G7) համաձայնագիրը, որը համաձայնեցվել է նախորդտարվա հոկտեմբերին:
Նախորդ տարվա նոյեմբերին «Արհեստական բանականության անվտանգ օգտագործման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջին գագաթնաժողովում» 28 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ Չինաստանը, ստորագրեցին Բլետչլիի «Արհեստական բանականության անվտանգ օգտագործման մասին հռչակագիրը»: