Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիեւը հայտնել է, որ Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահների ու մյուս պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է, եւ նյութերն առաջիկայում կներկայացվեն դատարան։
«Քրեական գործի նյութերի հետ ծանոթացում են ե՛ւ մեղադրյալները, ե՛ւ տուժողները։ Գիտեք, որ այս քրեական գործով տուժողները շատ են։ Այս բոլոր քննչական միջոցառումները կատարելուց հետո գործերն ըստ էության ուղարկվելու են դատարան՝ միջազգային չափանիշներին եւ Ադրբեջանի քրեական օրենսդրությանը համապատասխան»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է Ալիեւը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո գերեւարվել է 16 անձ, որոնց թվում են եղել նաեւ արցախցի 8 պաշտոնյաներ․ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Բաքուն նրանց մեղադրում է այսպես կոչված «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նմանատիպ այլ ծանր հոդվածներով։