Դեռեւս 2022 թվականի մարտին Մոսկվային եւ Կիեւին հաջողվել էր Ստամբուլում պայմանավորվել հակամարտության կարգավորման շուրջ, սակայն համաձայնագրերն ուժի մեջ չեն մտել միայն Արեւմուտքի պատճառով, որը ցանկանում էր հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
«Մեզ հաջողվեց համաձայնության գալ, սա է ամբողջ հնարքը, ինչի մասին է վկայում ուկրաինական պատվիրակության ղեկավարի ստորագրությունը, որով նախաստորագրվել է այս փաստաթուղթը, ինչը նշանակում է, որ ուկրաինական կողմն ընդհանուր առմամբ գոհ էր ձեռք բերված պայմանավորվածություններից։ Դրանք ուժի մեջ չեն մտել միայն այն պատճառով, որ նրանց [ուկրաինական կողմին] տրվել է դա չանելու հրաման։ Իսկ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ որոշ եվրոպական երկրների վերնախավերի մոտ ցանկություն կար հասնելու Ռուսաստանի ռազմավարական պարտությանը»,-ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքերով Ստամբուլում խաղաղության համաձայնագրի գրեթե բոլոր պարամետրերը համաձայնեցնելուց հետո Կիեւ էր ժամանել այն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ «ուկրաինացիներին հրահանգներ տվեց պայքարել մինչեւ վերջին ուկրաինացին»։
Պուտինը նաեւ ընդգծել է, որ Ռուսական կողմը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից, բայց ոչ թե ժամանակավոր պահանջների, այլ Ստամբուլի պայմանավորվածությունների հիման վրա։
«Արդյո՞ք մենք պատրաստ ենք նրանց հետ բանակցել։ Մենք երբեք չենք հրաժարվել դրանից: Բայց ոչ թե ժամանակավոր պահանջների հիման վրա, այլ այն փաստաթղթերի հիման վրա, որոնք համաձայնեցվել ու փաստացի նախաստորագրվել են Ստամբուլում»,- նշել է ՌԴ նախագահը։
Ուկրաինա ներխուժելուց հետո Մոսկվայի եւ Կիեւի միջեւ առաջին բանակցությունները տեղի ունեցան 2022 թվականի մարտի սկզբին Բելառուսում, բայց շոշափելի արդյունքներ չտվեցին։ Դրանք շարունակվեցին նույն ամսի վերջին արդեն Ստամբուլում, որտեղ ուկրաինական կողմը գրավոր ձեւով Ռուսաստանի ներկայացուցիչներին էր փոխանցել ապագա համաձայանգրի սկզբունքների սեփական տեսլականը։
Հունիսի 17-ին The New York Times-ը (NYT) հրապարակեց այսպես կոչված «Ռուս-ուկրաինական Ստամբուլի կոմյունիկեն»։
Ըստ այդ փաստաթղթի․
- Համաձայնություն էր ձեռք բերվում, առ այն, որ Ղրիմի կարգավիճակը պետք է որոշվի 10-15 տարվա ընթացքում, իսկ Ուկրաինան համաձայնվում էր չփորձել ուժով վերադարձնել թերակղզին։
- Ուկրաինայի նածագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է անձամբ հանդիպեին 2022 թվականին՝ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու համար եւ հստակեցնելու թե Ուկրաինայի որ տարածները պետք է մնային ռուսական վերահսկողության ներքո։
- Ուկրաինայի համար տրմադրվում էին անվտանգության պարտադիր երաշխիքներ, որը ենթադրում էր պայմանագրեր մի շարք երկրների հետ, որոնց թվում էին լինելու Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը, Իսրայելը։
- Երաշխավոր երկրները պետք է համաձայնվեին, որ «ագրեսիայի, Ուկրաինայի վրա ցանկացած զինված հարձակման կամ Ուկրաինայի դեմ որեւէ ռազմական գործողության» դեպքում նրանցից յուրաքանչյուրը խորհրդակցություններից հետո հրատապ եւ անհապաղ օգնություն պետք է տրամադրեին Ուկրաինային։
Պարբերականի փոխանցմամբ բանակցությունները դադարեցրած հիմնական խոչնդոտնրեը եղել են վերջին երկու կետերը։ Ռուսական կողմը պնդել էր որպեսզի երաշխավոր երկրները, որոնց թվում ինչպես նշվեց կար նաեւ Ռուսաստանը, Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում օգնությունը տրամադրեին միայն համատեղ փոխահմաձայնության դեպքում։