Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի քննարկումների ժամանակ կարծիք է հայտնել, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ այսօրվա սրվող հակամարտության հիմքում ընկած է երկու պետություն սկզբունքով խնդրի լուծման բացակայությունը։
Պուտինը նշել է, որ հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է եղել ավելի վաղ տեղի ունեցած որոշումների վրա, որոնք պետք է հիմք հանդիսանան արաբ-իսրայելական կարգավորման համար։
«Սա առաջին հերթին երկու անկախ պետությունների ստեղծումն է։ Ի դեպ, այս դիրքորոշումը կիսում են աշխարհում շատ մարդիկ, այդ թվում, տարօրինակ կերպով նաեւ ԱՄՆ-ում շատերը։ Բայց, ցավոք, այս հարցը չի լուծվել, եւ հենց դա է դրված իրավիճակի այսօրվա սրման, այսօրվա առճակատման հիմքում»,-ասել է Ռուսաստանի նախագահը։
Նա նաեւ նշել է, որ Մոսկվան կանի իր ուժերից կախված ամեն ինչ, որպեսզի իր ներդրումն ունենա «այս երկարամյա եւ շատ դժվար ճգնաժամի լուծման գործում»։ Պուտինը ընդգծել է, որ այս մասին Մոսկվայում խոսել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ։
Բացի այս ՌԴ նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում լուծման հարցում չեզոքության բացակայության մեջ, ինչը ըստ նրա մարտահրվերներ է բերում կողմերին:
«Ի թիվս այլ հարցերի, այսօրվա խնդիրը կապված է ԱՄՆ-ի կողմից կարգավորումը մենաշնորհելու փորձերի հետ։ Որովհետեւ ԱՄՆ-ը չի դիտվում որպես չեզոք երկիր։ Եվ դա է խնդիրը»,-նշել է Պուտինը։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջաններ ՀԱՄԱՍ շարժման զինված խմբավորումների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ եւ ավելի քան 240 մարդու պատանդառությամբ։ Արդյունքում Իսրայելական բանակը որպես պատասխան շրջափակեց Պաղեստինի Գազայի հատվածը եւ լայնածավալ ցամաքային ու օդային ռազմական գործողություններ սկսեց՝ հայտարարելով, որ դրա գլխավոր նպատակը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, պատանդների ազատ արձակումը եւ Գազան Իսրայելի համար անվտանգ շրջան դարձնելը։