Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի արտաքին գործերի նախկին փոխնախարար Անդրեյ Սիբիգային նոր արտգործնախարարի պաշտոնում նշանակմանը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նա իր տելեգրամյան ալիքում գրել է, որ այդ որոշումը պաշտպանել է 258 պատգամավոր։ Սիբիգայի թեկնածությունը, ով նախկինում աշխատել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, ավելի վաղ ներկայացրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այսօր ավելի վաղ Ռադան հաստատել էր գերատեսչության նախկին ղեկավար Դմիտրի Կուլեբայի հրաժարականը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի մարտից։
Կուլեբայի հրաժարականը հաստատվել է միայն երկրորդ լիագումար նիստի ժամանակ։ Նախօրեին, երբ հարցը օրակարգում էր, այն չէր հաջողվել քվեարկության դնել, քանի որ, ըստ ընդդիմության, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը չէր կարողացել ստանալ անհրաժեշտ թվով ձայներ։
49 ամյա Սիբիգան, ով ծագումով Ուկրաինայի արևմտյան Տերնոպոլի շրջանի Զբորով քաղաքից է, երկրի արտգործնախարարությունում կարերիան սկսել է 1997 թվականից։ Նա աշխատել է ինչպես կենտրոնական գրասենյակում, այնպես էլ արտասահմանյան ներկայացուցչություններում։ 2012-2016 թվականներին ղեկավարել է արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության վարչությունը, իսկ 2016-2021 թվականներին եղել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը։ 2021-2024 թվականներին աշխատել է որպես Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ։ Իսկ 2024 թվականից՝ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։