Հարեւան երկրների տարածքային ամբողջականության սպառնալիքը եւ սահմանների վերագծումը կարմիր գիծ է Իրանի համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Գրառման մեջ իրանցի դիվանագետը նշել է տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը ոչ միայն նախապատվություն է, այլ Իրանի ազգային անվտանգության հիմնասյունը:
«Հյուսիսից, հարավից, արեւելքից կամ արեւմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարեւանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծումը բացարձակապես անընդունելի է եւ կարմիր գիծ Իրանի համար»,-գրել է Արաղչին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին էլ Իրանի արտգործնախարարության Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկուշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը դեմ է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների եւ աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:
Ռուսաստանի դեսպանի հետ Իրանի արտգործնախարարության ներկայացուչրի հանդիպումը կայացել էր Հայաստանի Սյունիքի մարզով անցող կոմունիկացիաների բացմանը հայկական կողմից խոչնդոտելու մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի օգոստոսի 20-ին հնչեցրած հայտարարությունների ֆոնին։