ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը 90%-ով համաձայնեցված է։ Այդ մասին նա հայտարարել է Հայիթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք տանում ենք այդ աշխատանքը, եւ կարծում եմ, որ դատելով այն ամենից, ինչ տեսել եմ, 90%-ով համաձայնեցված է, բայց կան մի քանի կրիտիկական պահեր, որոնք պետք է համաձայնեցվեն, եւ դրանք վերաբերում են համաձայնագրի որոշ ասպեկտների իրականացմանը»,-ասել է Բլինկենը եւ հավելել, որ այդ հարցերից մի քանիսը, մասնավորապես՝ Գազայի եւ Եգիպտոսի սահամանի՝ Ֆիլադելֆիայի միջանցքի վերահսկողությունը եւ իսրայելցի պատանդառվածների ու պաղեստինցի բանտարկայլների փոխանակումը քննարկվել են վերջին օրերին։
ԱՄՆ պետքարտուղարը նաեւ չի համաձայնվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերջերս Fox News-ին տված հարցազրույցում հնչեցրած այն գնահատականի հետ, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ շարժումը դեռ հեռու են Գազայի հատվածի շուրջ համաձայնությունների հասնելուց։
Բլինկենը նաեւ ընդգծել է, որ Գազայի հատվածում հրադադարը կախված է ինչպես ՀԱՄԱՍ-ից, այնպես էլ Իսրայելից, եւ ԱՄՆ-ն հույս ունի առաջիկա օրերին նրանցից ստանալ վերջնական պատասխան այս հարցի վերաբերյալ։
«Այս պահին ինձ թվում է, որ երկու կողմերն էլ պետք է համաձայնության գան մնացած հարցերի շուրջ, եւ մենք շատ ակտիվ բանակցություններ ենք վարում առաջին հերթին մեր գործընկերների՝ Եգիպտոսի եւ Կատարի հետ։ Եվ ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին մենք կկիսվենք մեր մտքերով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի հետ, մենք երեքով կքննարկենք, թե ինչպես լուծել մնացած չլուծված խնդիրները», — ասել է պետքարտուղարը՝ պատասխանելով հարցին, թե ում վրա է Վաշինգտոնը դնում հիմնական պատասխանատվությունը հրադադարի հասնելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-16-ը Դոհայում միջնորդների նախաձեռնությամբ բանակցություններ անցկացվեցին Գազայի հատվածում հրադադարի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդառված անձանց ազատ արձակման շուրջ։ Խորհրդակցություններին հաջորդած Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ դրանք անցել են դրական մթնոլորտում։ Բանակցությունների նոր փուլի ընթացքում ԱՄՆ-ն Կատարի եւ Եգիպտոսի աջակցությամբ ներկայացրել էր նոր առաջարկ, որը կարող է նվազեցնել ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ տարաձայնությունները։ Սակայն ՀԱՄԱՍ-ը ի պատասխան հայտարարել է, որ ամերիկյան նախաձեռնությունը հաշվի է առնում միայն Իսրայելի շահերը։
Օգոստոսի 25-ին Եգիպտոսի մայրաքաղաքում մեկնարկել էր խորհրդակցությունների հաջորդ փուլը։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Իզզաթ ալ-Ռիշքը հայտնել է, որ շարժման պատվիրակությունը հեռացել է Կահիրեից Եգիպտոսի եւ Կատարի միջնորդների հետ հանդիպումներից հետո: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները կրկին պահանջել են ճնշումներ գործադրել Իսրայելին վրա, որպեսզի վերջինս կատարի այն պայմանները, որոնց շարժումը համաձայնել է հուլիսի 2-ին։