Արդվի գյուղի ընդարձակ տան ամենափոքր սենյակում է տեղավորվել 74-ամյա Սուսաննա Մարկոսյանը, որ ձմռանը տաքացնելը հեշտ լինի։ Արդեն մեկ տարի Արցախից իրեն Հայաստան բերած Մարատի բարեկամի տանն է․ անհատույց տվել են, որ ապրի։
Տեղահանվելիս մտադրված ոչինչ չի վերցրել։ Չնայած դառը փորձին՝ կրկին մտածել է վերադառնալու մասին։
«Մենակ ամուսնուս քնած յորղան-դոշակն ա, մեկ էլ՝ բարձը։ Մարատիս ասել եմ՝ ցա՛վդ տանեմ, խնդրում եմ՝ մի հնար արա, մենակ էդ յորղան-դոշակը հասցրու Երեւան»։
Գյուղի ընդարձակ տան իր անկյունում տիկին Սուսաննան ճերմակ անկողինը արդեն մեկ ամսից ավելի է՝ չի հավաքում․ ոտքի կոտրվածքի պատճառով օրվա կեսը պառկած է անցկացնում։
Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղից է։ Առաջին անգամ հարկադրաբար այնտեղի տունն են թողել, երբ 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանցիները գրավել, ապա կոտորածի են ենթարկել մի քանի տասնյակ խաղաղ բնակչի։ Գերիների մեջ նաեւ ամուսնու մայրն է եղել, 4-5 տարի փնտրել են, սպասել։ Մինչեւ այսօր էլ անհայտ է՝ ինչ եղավ։
Տիկին Սուսաննայի չորս զավակներն այդ ժամանակ են տեղափոխվել Ռուսաստան։ Ինքն ու ամուսինը հարյուրավոր համագյուղացիների հետ կյանքը շարունակել են Աղդամի շրջանի Կըզըլ Քենգերլի գյուղում, որը Նոր Մարաղա են կոչել։
44-օրյա պատերազմից հետո Նոր Մարաղան ու եւս վեց գյուղ (Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն, Նոր ջրաբերդ) հանձնվեցին Ադրբեջանին։ Այստեղ էլ հարկադրեցին 28 տարվա ապրածից ու ստեղծածից հրաժարվել։
«Էրկու ժամ սռոկ են տվել, որ պետք ա դուրս գայինք Մարաղայից։ Դռները փակել ենք, դուրս ենք էկել, հետո մեքենաներ, ավտոբուսներ տվին, որ տան վեշերը հանենք։ Շոֆերները, լրագրողները օգնեցին, ինչ կար՝ հանեցինք, բայց սեղան, աթոռ թողեցինք, ասի՝ դե գալու ենք էլի ․․․»։
Տեղահանությունից օրեր անց տիկին Սուսաննան Չլդրանում հողին է հանձնել ամուսնուն։
«Հաց չէր ուտում, սաղ օրը լացում էր․․․»։
Հետպատերազմյան տարիները միայնակ կինը Ստեփանակերտում է անցկացրել՝ անպատասխան թողնելով երեխաների ու հարազատների՝ Ռուսաստան տեղափոխվելու խնդրանքը։
2023-ի սեպտեմբերի 28-ին Սուսաննա Մարկոսյանը Մարատի հետ հասել է Երեւան, հետո արդեն Լոռի՝ գյուղ Արդվի։ Արմատներով այս գյուղին կապված Մարատը պայմանագրային զինծառայող էր Արցախում։ Նրան էլ տիկին Սուսաննան է օթեւան տվել Նոր Մարաղայի իր տանը․ եղբորորդու ընկերն է։
Տարեց կինը հիմա Արդվի գյուղի ընդարձակ տան մեջ մենակ է ապրում։ Երեխաները, թոռներն ու ծոռները Ռուսաստանում եւ Ուկրաինայում են։
«Պատերազմի մեջ»,- ասում է։
Գյուղի խաղաղության մեջ տիկին Սուսաննայի օրը հարեւաններն են լցնում։ Ամեն պահի կողքին են։ Հիմա՝ ավելի շատ․ ոտքի կոտրվածքի վիրահատությունից հետո դեռ դժվարանում է քայլել։
Տարեց կնոջ հոգսը նյութականը չէ։ Ասում է՝ «շորեր, ոտնաման, ծածկոցներ, ամեն ինչ տվել են»։ Իսկ արցախյան կենսաթոշակն այստեղ հինգ հազար դրամով է նվազել։ Վիրահատությունը Երեւանից Ալավերդու հիվանդանոց եկած մասնագետներն անվճար են արել, միայն «երկաթի» համար է փող տվել՝ ամուսնու գերեզմանի համար հավաքած գումարից։
Արցախցիներին տրվող «40+10» հազար աջակցության գումարը Սուսաննա Մարկոսյանն արդեն երեք ամիս է՝ չի ստացել։ Բարեկամին է խնդրել, որ պարզի՝ ինչն է հարցը։
Արցախից հեռու նոր բնակավայրում էլ տիկին Սուսաննան, ինչպես ասում է, նոր կյանք սկսելու «ծրագիր» ունի։ Հավ, կով, այգի․սպասում է գարնանը եւ աջակցության այնպիսի ծրագրերի, որոնցով կկարողանա կենդանիներ ձեռք բերել։
Իսկ մինչեւ գարուն կյանքը չորս պատի ներսում է, որտեղ հիշողությունների հետ է։ Մեծ ու լուսավոր սենյակի պահարանում Արցախից բերած հատուկենտ իրերն է տեղավորել։ Քայլակով շրջում է տան մեջ, ուրախ դրվագներ պատմում արցախյան կյանքից, հետո հանկարծահաս լացը ամեն բան տակնուվրա է անում։
«Մարատս, որ գալիս էր պոստերից, ամսի 5-ին գնում էր իրա փողը ստանալու։ Իմ թոշակն էլ էր առնում, բերում, մի հատ սեղան ունեի՝ վրեն էլ մի հատ մալոչնիկ, մեր էրկուսի կասն էր, փողը գցում էինք մեջը։ Փաթաթել եմ անկողնու մեջ, բերել»։
Անկողնու մեջ նաեւ պատուհանագոգին դրված տիկնիկն է տեղ գտել։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։