Կուրսկի շրջանի ավելի քան 1,3 հազար քառակուսի կիլոմետրը ներկայումս գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստում, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի Ռամշտեյն ավիաբազայում։
«Եվ դա ներառում է 100 բնակավայր։ Այս տարածքի զգալի մասը լքել է ռուսական բանակը։ Նրանք ուղղակի փախել են, երբ տեսել են, թե ինչպես են մոտենում մեր զորքերը։ Մեր զորքերը Տարածքի զգալի մասը վերահսկողության տակ է առել մարտական գործողությունների ընթացքում»,-Զելենսկու խոսքերը մեջբերում է Interfax-Ukraine-ը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը գրեթե ամեն օր հայտարարում է, որ հետ է, որ բանակին հաջողվել է կասեցնել Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացման փորձերը։ Ուկրաինական բանակը Կուսրկի մարզում հարձակողական գործողությունները սկսել է մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 6-ին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Վլադիվոստոկում կայացած ֆորումում, պնդել էր, որ ռուս զինվորականները Կուրսկի մարզում «կայունացրել են իրավիճակը» եւ սկսել են «աստիճանաբար դուրս մղել» Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի տարածքից։
Ռամշտեյն բազայում կայացած նիստի ընթացքում Զելենսկին նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը Կուրսկի շրջանից հարձակում էր նախապատրաստել Ուկրաինայի Սումիի շրջանի ուղղությամբ։
«Այսօր Ռուսաստանի Կուրսկի մարզում մեր գործողությունների մեկնարկից ուղիղ մեկ ամիս է անցել։ Սա այն սահմանն է, որտեղից Պուտինը պատրաստվում էր պատերազմը տարածել ուկրաինական տարածքի վրա։ Նա պատրաստվում էր նոր հարձակում սկսել մեր Սումի քաղաքի դեմ։ Մենք շրջել ենք խաղը եւ մեր հակահարձակման շնորհիվ պատերազմը մղում ենք ռուսական տարածքում»,- «Украинская правда»-ի փոխանցմամբ ասել է Ուկրաինայի նախագահը։