Խաղաղության երկրորդ համաժողովը, որը նախատեսում են անցկացնել Ուկրաինայի իշխանությունները, պետք է կայանա Ռուսաստանի մասնակցությամբ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ հիմա հասել է այն պահը, երբ մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դուրս գալ այս ռազմական իրավիճակից եւ արագ գնալ դեպի խաղաղության։ Խաղաղության եւս մեկ համաժողովը կարևոր է ե՛ւ [Վլադիմիր] Զելենսկին, ե՛ւ ես համաձայն ենք, որ այն պետք է լինի Ռուսաստանի մասնակցությամբ», — ասել է Շոլցը հարցազրույցում։
Շոլցը նաեւ ասել է, որ «շատ վստահելի» զրույց է ունեցել Զելենսկու հետ։ Սակայն Գերմանիայի կանցլերը չի նշել խաղաղության կոնֆերանսի կոնկրետ ժամկետ եւ չի հայտնել այլ մանրամասներ:
Վլադիմիր Զելենսկին 2024 թվականի հուլիսին՝ առաջին խաղաղության համաժողովից մեկ ամիս անց, հայտարարել էր, որ երկրորդ գագաթնաժողովին պետք է հրավիրվեն նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչները։
Ուկրաինայի հարցով խաղաղության առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Շվեյցարիայում հունիսի 15-16-ը, որին մասնակցել էին ավելի քան 90 երկրներ եւ կազմակերպություններ։ Գագաթնաժողովի արդյունքում մշակվել էր համատեղ կոմյունիկե, որը ստորագրել էին մասնակից երկրներից շատերի ներկայացուցիցչները։