ՀՀ Կառավարությունը 2024 թվականի մայիսի 16-ին որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր իրականացնել:
Ծրագիրը եռափուլ է: Առաջին փուլում ընդգրկվելու են երեք եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, որոնք բնակարան գնելու ցանկություն ունեն: Եթե երեխաների թիվը երեքից պակաս է, ընտանիքներին բնակարանատեր դառնալու հնարավորություն կտրվի երկրորդ փուլում:
Իսկ եթե ընտանիքը երկու երեխա ունի, բայց ցանկանում է ոչ թե գնել, այլ կառուցել իր տունը, կընդգրկվի առաջին փուլում:
Զոհվածի կամ կերակրողին կորցրածի, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքներին նույնպես պետությունը առաջնահերթություն կտա:
Գործող հիփոթեք ունեցողների համար էլ լավ լուր կա. Կառավարության աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը:
Ծրագրից ավելի ուշ կօգտվեն այն ընտանիքները, որոնք բաղկացած են աշխատունակ, չափահաս անդամներից եւ չեն համապատասխանում առաջին եւ երկրորդ փուլերի պահանջներին:
Շիրակի մարզի համեմատաբար ավելի բարեկեցիկ բնակավայրերում բնակարան գնելու համար արցախցի ընտանիքների յուրաքանչյուր անդամ երեք միլիոն դրամ կստանա, իսկ ավելի հեռավոր՝ ենթակառուցվածքներից գրեթե զուրկ 61 բնակավայրերում աջակցության չափը 4 միլիոն դրամ է, այդ բնակավայրերը հիմնականում մարզի ամենահյուսիսային՝ Ամասիա, Աշոցք համայնքներում են, որտեղ տարվա 7-8 ամիսը ձմեռ է, սակայն անասնապահության համար շատ լավ պայմաններ կան:
Նշենք, որ Շիրակի մարզի խոշորացված համայնքների ղեկավարները արցախցիներին խոստացել են տուն կառուցելու դեպքում հողհատկացումն անվճար անել:
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղից բռնի տեղահանված Շախբազյանների 8-հոգանոց ընտանիքն Ախուրյան բնակավայրում վարձով է ապրել:
Երեք շաբաթ առաջ տեղափոխվել են Արմավիր, բերքահավաք են անում, համեմատաբար լավ վճարվում: Փիրուզա Շախբազյանն ասում է՝ դաշտերում աշխատանքի ավարտվելուն պես հետ են գալու Շիրակի մարզ: Բնակապահովման ծրագրից օգտվելու են: «24 միլիոն դրամ է մեզ հասնում, գյուղում տուն կգնենք, անասնապահությամբ կզբաղվենք, կապրենք»:
Ասկերանի շրջանի մեկ այլ գյուղից՝ Խնապատից տեղահանված Քրիստինա Իսրայելյանն էլ ընտանիքով Շիրակի մարզի Գետք գյուղում է ապրում: Ի տարբերություն Շախբազյանների՝ Իսրայելյանների ընտանիքը փոքր է՝ 4 անդամ են: 12 միլիոն դրամով դժվար է միջին պայմաններով ապահովված բնակարան գնել:
Իսկ եթե ընտանիքը մեկ կամ երկու անդամից է բաղկացած, հասանելիք գումարով տուն գնելու կամ կառուցելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Շիրակի մարզում բնակապահովման ծրագրի մեկնարկի հետ տների գները կտրուկ կաճեն»,- ասում է անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Հայկ Մելիքսեթյանը:
Ըստ մասնագետի՝ մարզում այսօր արդեն տների գներն անտրամաբանական բարձր են, ուր մնաց, եթե շուկայում իրական գնորդների թիվն աճի: «15-25 հազար դոլար արժողությամբ տների գները վերջին երեք տարում հասել են 60-70 հազարի, շուկայում մեկը գին է նկարում, մնացածն էլ նայում են նրան՝ բարձր գին սահմանում»,- ասում է Հայկը:
Կառավարության հատկացրած գումարով տանտեր կդառնան արցախցիները, թե գների կտրուկ բարձրացման պատճառով կրկին անտանիք կմնան՝ պարզ կլինի ծրագրի գործարկումից հետո:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։