Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին «Երեւանյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը դա հիմնավորել է նրանով, որ 1991 թվականին ընդունված Ադրբեջանի սահմանադրական ակտը ընկած է Ադրբեջանի Սահմանադրության հիմքում, որն իր հերթին հղում է անում 1918 թվականին Ադրբեջանի առաջին հանրապետության ստեղծման հռչակագրին:
«Այսինքն՝ Սահմանադրությունը հենվում է 1991 թվականին ընդունված պետական անկախության ակտի վրա, որն էլ իր հերթին հենվում է 1918 թվականի Անկախության հռչակագրի վրա, որում ասվում է, որ Ադրբեջանի տարածքներ են համարվում Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասը: Ավելին՝ 1919 թվականին Փարիզի խաղաղության կոնֆերանսին եւ նույն թվականին Ազգերի լիգային Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության գրանցման համար ներկայացվել են քարտեզներ, որոնք ներառում են Հայաստանի Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերից որոշակի հատվածներ»,-ասել է ՀՀ վարչապետը։
Ըստ Փաշինյանի այս ամենը ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:
«Կարեւոր է արձանագրել նաեւ, որ մենք դա չենք դարձնում բանակցային թեմա, չենք բարձրացնում այդ հարցը, որովհետեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում մենք ունենք դրույթ, որն ասում է հետեւյալը. «Կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար»,-ասել է վարչապետը։
Նրա խոսքերով Ադրբեջանի սահմանադրության մեջ առկա նման պահանջները հայկական կողմը բանակցային գործընթացի մաս չի դարձնում, քանի որ չի ցանկանում այն փակուղի մտցնել։