Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ սեպտեմբերի 10-ի գիշերը ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետին, որտեղ այդ պահին գտնվել էին պաղեստինյան շարժման ռազմական թեւի հրամանատարները։
Հարվածները հասցվել են Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի հումանիտար գոտու շրջանում, որի արդյուքնում, ինչպես նշվում է իսրայելական կողմի հաղորդագրության մեջ սպանվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածքի վրա հարձակմանը մասնակցած ՀԱՄԱՍ-ի հրամանատարները։ Զինվորականներն ընդգծում են, որ հարվածները հասցնելուց հմնվել են հետախուզական տվյալների վրա, որոնք վկայել են այդ շրջաններում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարների ներկայության մասին:
Հարձակման ենթարկված հրամանատարների թվում, ըստ Իսրայելի բանակի հայտարարության, եղել են Սամեր Իսմայիլ Խադր Աբու Դաքկան, ով ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի մարտական թեւի օդուժը, Ուսամա Թաբիշը, ով ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության շտաբի հսկողության եւ թիրախավորման ստորաբաժանումը եւ Այման Մաբհուհը, ով նույնպես բարձր կոչում ուներ շարժման ռազմական թեւում։
«Այդ ահաբեկիչները անմիջական մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 7-ի սպանդին եւ վերջերս ահաբեկչական գործողություններ են իրականացրել Իսրայելի պաշտպանության բանակի եւ Իսրայել պետության դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զինվորականները նշել են, որ հարվածից անմիջապես առաջ ձեռնարկվել են լրացուցիչ միջոցներ, ներառյալ հետախուզության լայնածավալ հավաքումը եւ մշտական օդային հսկողությունը, որոնք բոլորը հաստատել են տարածքում զինված անձանց առկայությունը: Միեւնույն ժամանակ, բանակը հերքել է պաղեստինյան կողմի այն պնդումները, թե հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 40 մարդ, եւ վիրավորվել՝ 60-ը։
«Ըստ նախնական ստուգման՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի տեղեկատվական բյուրոյի հրապարակած թվերը, որոնք պատերազմի ողջ ընթացքում մշտապես սուտ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հաղորդում, չեն համընկնում Իսրայելի պաշտպանության բանակի տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հետ», — ասվում է տեքստում:
ՀԱՄԱՍ-ն էլ կտրականապես հերքել է, որ Իսրայելի ռմբակոծած հումանիտար գոտում, որտեղ տեղակայված են եղել փախստականների վրանները, ներկա են եղել շարժման ռազմական թեւի բարձր կոչում ունեցող ներկայացուցիչներ։
«Սա բացահայտ սուտ է, որով այն [իսրայելական բանակը] փորձում է արդարացնել այդ նողկալի հանցագործությունները։ Դիմադրությունը բազմիցս է հերքել իր անդամներից որեւէ մեկի ներկայությունը մեծ թվով խաղաղ բնակիչների հավաքման վայրերում եւ դեմ է եղել այդ վայրերն ռազմական նպատակներով օգտագործելուն» ,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։