Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է երկրի եվրաինտեգրմանը նպաստելու համար երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին։
«Ես պատրաստ եմ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել, այդ թվում՝ երկրորդ ժամկետի համար, որպեսզի Վրաստանը վերադառնա եվրոպական ուղի։ Եթե իմ առաջարկած կանոնադրությունը գործի, ես պատրաստ եմ լինել բանակցող մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է Զուրաբիշվիլին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Վրաստանի նախագահի կայքում։
Հարցազրույցում Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարությանը «երկիրը Եվրոպայից պոկելու եւ Ռուսաստանի պրոտեկտորատի տակ դնելու փորձի մեջ»։ Նախագահի խոսքով՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն իր գործողություններով, ներառյալ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումով, «շատ ազնիվ ընտրություն է կատարել Մոսկվային ծառայելու համար»։
Նա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անվանել է «էկզիստենցիալ» գործընթաց, որը որոշելու է երկրի եվրոպական ապագան։
Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2018 թվականին 6 տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է այս աշնանը: Սահմանադրության նոր փոփոխությունների համաձայն՝ ապագա նախագահը կընտրվի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո արդեն հինգ տարի ժամկետով։ Նախագահին ընտրելու է 300 հոգանոց ընտրողների կոլեգիան, որը կազմված է խորհրդարանի անդամներից եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներից։