ԱՄՆ-ում քննարկում են Ուկրաինային հեռահար զենքեր կիրառելու թույլտվության հարցը՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար։ Այս մասին երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նախագահի խոսքերով իր վարչակազմը աշխատում է «այդ հարցի ուղղությամբ»։
Մինչ այժմ ԱՄՆ-ն հրապարակայնորեն հայտարարում էր, որ Կիեւին թույլ չի տվել հեռահար զինատեսակներ (հատկապես ամերիկյան արտադրության), կիրառել Ռուսաստանի խորքերում տեղակայված թիրախներին հարվածելու համար։
Բայդենի վարչակազմից անանուն պաշտոնյան CNN-ին նույնպես ասել էր, որ այդ հարցով փոփոխություններ չեն սպասվում։
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն էլ չի բացառել նման հնարավորությունը, գրում է The Times-ը։ Պատասխանելով Ուկրաինայի կողմից հեռահար զենքի կիրառման մասին հարցին՝ Բլինկենն ասել է, որ կապահովի, որպեսզի Ուկրաինան կարողանա «հնարավորինս արդյունավետ կերպով դիմակայել ռուսական ագրեսիային»: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները «դիտարկելու եւ լսելու է» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ով հեռահար հրթիռները օգտագործելու թույլտվություն է խնդրում։
Բլինկենը եւ նրա բրիտանացի գործընկեր Դեւիդ Լամմին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Կիեւում կհանդիպեն Զելենսկու հետ։ Axios-ը գրում է, որ այնտեղ Բլինկենը կհայտարարի Ուկրաինայի համար մինչեւ 300 կիլոմետր հեռահարությամբ ATACMS հրթիռներ օգտագործելու թույլտվության մասին։